Wednesday, October 16, 2024
[bvi]

Հիմնախնդիրներ

Հաշմանդամություն  ունեցող  անձանց հիմնահարցերի ոլորտ

ԱՀ-ում հաշմանդամության ոլորտում որդեգրած քաղաքականությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելուն, ինչը ենթադրում է`

  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում հավասար պայմանների և հավասար հնարավորությունների ապահովում:
  • Նեռարական կրթության ապահովում և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանում:
  • Հաշմանդամության սահմանման գործընթացի կատարելագործում և վերականգնողական ծառայությունների մատչելիության բարձրացում ու տեսականու ընդլայնում:
  • Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի լուծմանն ուղղված պետական և ոչ պետական մարմինների միջև սոցիալական գործընկերության սկզբունքների կիրառում:
  • Ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացում:

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում կարևորագույն խնդիրը հաշմանդամություն ունեցող անձանց  համար  մատչելի միջավայրի  ապահովումն է: Այդ նպատակով քայլ առ քայլ իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ, փնտրվում քաղաքաշինական լուծումներ` կառուցված և նոր կառուցվող շենքերն ու շինությունները հաշմանդամություն ունեցող անձանց  մատչելի դարձնելու համար: Չնայած վերջին տարիներին այս ուղղությամբ կատարված աշխատանքներին, այնուամենայնիվ այսօր հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ենթակառուցվածքների թիվը փոքր է: Նախարարությունը սկսել և իրականացնում է հետևողական աշխատանքներ քաղաքաշինության ոլորտում այս խնդրի վրա հատուկ ուշադրություն դարձնելու և հսկողություն սահմանելու նպատակով: Կարևոր խնդիր է նաև հարմարեցված փոխադրամիջոցների ձեռքբերումը:

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և ինքնուրույն ապահովման խնդրում հիմնարար գործոններից մեկը կրթությունն է: Հանրապետությունում ներդրվել է ներառական կրթության մոդելը, և հաշմանդամություն ունեցող (ելնելով հաշմանդամ երեխաների հատուկ կրթական կարիքներից նրանց համար մշակվում են հատուկ ուսումնական ծրագրեր) ու ոչ հաշմանդամ երեխաները կարող են սովորել միասին, նույն ուսումնական  հաստատությունում: Սա կարևոր հանգամանք է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի ձևավորման համար:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման գործընթացում  կարևոր  տեղ  ունի  զբաղվածության  խնդրի կարգավորումը:  Զբաղվածության ցուցանիշը մեր երկրում, ցավոք, բավական ցածր է, չնայած ԱՀ գործող օրենսդրությունը պարունակում է դրույթներ, որոնք երաշխավորում են հաշմանդամություն ունեցող անձանց  աշխատանքի  իրավունքի ապահովումը: Այս ոլորտի հիմնական խնդիրներն են` օրենսդրության կատարելագործում, հաշմանդամություն ունեցող անձին  աշխատանքի տեղավորման նպատակով գործատուին շահագրգռող դրույթներ պարունակող ծրագրերի ծավալների ընդլայնում և այլն:

Հաշմանդամություն  ունեցող  անձանց   տրամադրվող պետական աջակցության  կարևորագույն  ձևերից  մեկը  նրանց  տրամադրվող  բժշկական  օգնությունն է: Բոլոր հաշմանդամություն ունեցող անձիք  ունեն պետական պատվերով բուժվելու արտոնություն, 1-ին և 2-րդ խմբերը օգտվում են անվճար, իսկ 3-րդ խումբը` 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնությունից: Այս ոլորտի հիմնախնդիրներն են` մատուցվող առողջապահական ծառայությունների ծավալի մեծացում, որակի բարելավում, հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններում  հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և հասանելի պայմանների ստեղծում և այլն:

Հիմնական  խնդիրներից է բժշկասոցիալական  փորձաքննության  համակարգի  կատարելագործումը`  ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարեփոխումներ, բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչների և չափորոշիչների հստակեցում և այլն: Քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ԱՀ բժշկասոցիալական  փորձաքննության կենտրոնում գործում է ՓՎԾ բաժինը ու ԲՍՓՀ՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը: ԲՍՓՀ-ն փորձաքննության արդյունքում կայացնում է որոշում և անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում, նրա համար մշակում է վերականգնողական անհատական ծրագիր /ՎԱԾ/, որտեղ նշվում են վերականագնողական միջոցառումների ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական օգնության տեսակները, տալիս են աշխատանքային երաշխավորագիր, ինչպես նաև հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները:

Հաշմանդամություն  ունեցող  անձանց  ինտեգրման  ճանապարհին  շատ  կարևոր է  վերականգնողական   միջոցառումների  ճիշտ  և  լիարժեք  կազմակերպումը: Հաշմանդամույթյուն ունեցող անձի վերականգնումն իր մեջ ներառում է բժշկական, մասնագիտական և սոցիալական միջոցառումների համակարգ, որն ուղղված  է հաշմանդամություն ունեցող անձի կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորինս նվազեցմանը /փոխհատուցմանը/:  Չնայած  իրականացվող աշխատանքներին, այս ոլորտում դեռևս  կան մի շարք խնդիրներ`  վերականգնողական ծառայությունների միասնական համակարգի ստեղծման անհրաժեշտություն, համապատասխան մասնագետների վերապատրաստում, իրականացված վերականգնողական միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական բազայի ձևավորում և այլն: Հաշմանդամություն  ունեցող  անձանց  սոցիալական  վերականգնմանն  ուղղված պետական ծրագրերի (պրոթեզավորում, օրթեզավորում, վերականգնողական պարագաներով  ապահովում)  ծավալները  և  տրամադրվող   միջոցները   տարեցտարի  ավելանում  են,  տրամադրվող  ծառայություններն  ընդլայնվում են`  դառնալով  ավելի  որակյալ  և  մատչելի:

Իրականացվում են պետական մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարիքները բավարարելուն` հնարավորինս  փոխհատուցելով   նրանց   կորցված   ֆունկցիան: Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ է կազմակերպել Բրայլի այբուբենի ուսուցում, տպագրել հատուկ  տառատեսակներով  դասագրքեր, տետրեր, ամսագրեր և  ձայնագրում  <<Խոսող գրքեր>>:  Ձայնալարերը  հեռացված հաշմանդամություն ունեցող անձանց ապահովվում  ձայնաստեղծ սարքերով:

Հաշմանդամության  ոլորտին  վերաբերվող  խնդիրների կարգավորումը  նախարարությունը  տեսնում է  շահագրգիռ  պետական  մարմինների  և  հասարակության  ակտիվ  խմբերի  ու  հատկապես`  հասարակական  կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

callback_small.png