Friday, December 6, 2024
[bvi]

Հիմնախնդիրներ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

  ԱՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների մասին

      Ներկայումս ԱՀ-ում գործում է բաշխողական կենսաթոշակային համակարգ, որը ենթադրում է զբաղված քաղաքացիների և նրանց գործատուների ընթացիկ մուծումների հաշվին ընթացիկ կենսաթոշակների ֆինանսավորում: Այսինքն` պետք է գործեր համակարգի «ֆինանսական հաշվեկշռվածության» սկզբունքը, ըստ որի` վճարվելիք կենսաթոշակները պետք է համարժեք լինեն այդ նպատակով հավաքագրվող գումարներին: Սակայն, հավաքագրվող գումարները չէին բավարարում ընթացիկ կենսաթոշակների վճարման համար, այսինքն` նշված հաշվեկշռվածությունը խախտվում էր, ինչի պատճառով երկար տարիներ ԱՀ կենսաթոշակային համակարգը մասնակիորեն ֆինանսավորվում էր նաև ԱՀ պետական բյուջեից։ Իրավիճակի բարելավման ուղղությամբ առաջին քայլը կատարվեց 2008թ. հունվարի 1-ից, երբ բոլոր տեսակի կենսաթոշակները սկսեցին ֆինանսավորվել պետական բյուջեից, իսկ սոցիալական վճարները, որպես եկամտի առանձին տեսակ, սկսեցին գանձվել պետական բյուջե: Իսկ 2014թ. հունվարի 1-ից՝ սոցիալական վճարների և եկամտահարկի փոխարեն սահմանվեց նոր՝ միասնական եկամտային հարկ։ Այսինքն` վերացվեց կենսաթոշակների չափերի սահմանման կախվածությունը հավաքագրվող սոցիալական վճարներից, սակայն, ակնհայտ դարձավ, որ կենսաթոշակների հետագա բարձրացումները այժմ էլ մեծ բեռ կհանդիսանան պետական բյուջեի համար: Իրավիճակն էլ ավելի կսրվի կապված բնակչության զբաղվածության և ժողովրդագրական տվյալների ոչ բարենպաստ միտումներով, ինչպես նաև նվազագույն սպառողական զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի արժեքների բարձրացմամբ:

    Գոհացուցիչ չեն նաև կենսաթոշակային համակարգի բեռնվածության և կենսաթոշակային համակարգի փոխհատուցման գործակցի ցուցանիշները: Վերոնշյալից պարզ է դառնում, որ համակարգը ենթակա է արմատական վերափոխումների: Այդ վերափոխումների ընթացքում պետք է լուծվի հետևյալ հիմնական խնդիրը. սերունդների համերաշխության սկզբունքով գործող կենսաթոշակային բաշխողական համակարգից անցում դեպի ինքնաֆինասնավորվող կենսաթոշակային համակարգի: Սկզբունքային այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է գործող համակարգին զուգահեռ գործարկել երկու նոր` պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգեր` ստեղծելով բազմաստիճան կենսաթոշակային համակարգ: Կամավոր կուտակային կենսաթոշակը կվճարվի որոշակի կանոնների համաձայն, որոնք կսահմանվեն անձի և կենսաթոշակային ապահովագրության համար լիցենզավորված ֆինանսական ինստիտուտի միջև կնքված պայմանագրի հիման վրա։

Պետական բաշխողական բաղադրիչից վճարվող սոցիալական և աշխատանքային կենսաթոշակների կառավարումը կիրականացնի սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման լիազոր մարմինը։ Հարկային մարմինը կկազմակերպի եկամտային հարկի և կուտակային վճարների ու դրանց առնչվող տեղեկատվության հավաքագրումը՝ իրականացնելով վճարումներ կատարող անձանց անհատական հաշվառումը։ Կենսաթոշակային համակարգի ֆինանսական ինստիտուտների` ակտիվների կառավարիչների, մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների, և այլ կառույցների գործունեության կարգավորումը, լիցենզավորումը, մոնիթորինգն ու վերահսկողությունը կիրականացվի ֆինանսական համակարգի վերահսկողության լիազոր մարմնի կողմից։

callback_small.png