1931թ. հունիսի 11-ին կոմկուսի Լեռնային Ղարաբաղի մարզկոմի բյուրոյի հանձնարարությամբ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի գործկոմի նախագահության նիստը որոշում է ընդունում մարզի բնակչության սոցիալական ապահովության մասին։ Ի կատարումն այդ որոշման, կազմավորվում է մարզխորհրդի գործկոմի սոցիալական ապահովության բաժինը, որը և դառնում է Լեռնային Ղարաբաղում սոցիալական պաշտպանության անդրանիկ պետական կառույցը։
1941-1946թթ. ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզխորհրդի գործկոմի կառուցվածքում գործում էր զինծառայողների ընտանիքների պետական ապահովության և կենցաղային հարցերի կարգավորման բաժինը։
1958-1976թթ. ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզխորհրդի գործկոմի կառուցվածքում գործում էր սոցիալական ապահովության բաժինը:
ԼՂԻՄ սոցիալական ապահովության բաժինը, իր ենթակայության տակ ուներ շրջանային 6 բաժին և Կենսաթոշակների ու նպաստների վճարման մարզային սոցիալական ապահովության կենտրոն:
Մարզային սոցիալական ապահովության համակարգում գործում էր նաև բժշկասոցիալական փորձաքննության ծառայությունը, որը տարբեր անվանափոխումների ենթարկվելուց հետո ներկայումս գործում է Բժշկա-սոցիալական փորձաքննական կենտրոն անվամբ:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով 1989թ. Հունվարի 12-ին ԼՂԻՄ-ում ստեղծվում է ժամանակավոր կառավարման մարմին:
1989թ. մարտի վերջերին Հատուկ կառավարման կոմիտեն (ՀԿԿ), ցրելով ԼՂԻՄ մարզգործկոմի մի շարք բաժիններ, ստեղծեց բնակարանային և կոմունալ տնտեսությունների, բնակչության կենցաղային սպասարկման, բնության պահպանության և այլ միավորումներ։
ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի գործկոմի և արհմիությունների մարզային ֆեդերացիայի խորհրդի նախագահության 1991թ. հունվարի 17-ի թիվ 3/3 համատեղ որոշմամբ ստեղծվեց ԽՍՀՄ Կենսաթոշակային հիմնադրամի ԼՂԻՄ մարզային բաժանմունք:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումից հետո ԽՍՀՄ Կենսաթոշակային հիմնադրամի ԼՂԻՄ մարզային բաժանմունքը վերանվանվեց ԼՂՀ Կենսաթոշակային հիմնադրամի։ Հետագայում ԼՂՀ Կենսաթոշակային հիմնադրամին լիազորվեց նաև չզբաղված քաղաքացիների՝ օրենքով նախատեսված նպաստների վճարումը, ինչի կապակցությամբ ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի (ԼՂՀ ՊՊԿ) 1992թ. հոկտեմբերի 12-ի թիվ 11 որոշմամբ Կենսաթոշակային հիմնադրամը վերակազմավորվեց ԼՂՀ Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի, որն ի սկզբանե լիազորված էր ապահովելու սոցիալական վճարների հաշվարկումը, հավաքագրումը, կենսաթոշակային ու զբաղվածության ծրագրերի ֆինանսավորումը։
ԼՂՀ Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը ԼՂՀ տարածքում սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության ֆինանսների կառավարման, զբաղվածության պետական քաղաքականության ֆինանսավորումն իրականացնող պետական մարմին էր։
1996թ. ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կառուցվածքում ընդգրկվեց նաև հանրապետության սոցիալական ապահովագրության հիմնադրամը, այսինքն՝ նրա գործառույթների մեջ մտցվեց սոցիալական ապահովագրության գործատուների մոտ հիմնադրամի միջոցների հաշվին կատարվող՝ ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխայի ծննդյան, թաղման նպաստների նշանակման և վճարման վերահսկողությունը։
1997թ. կենսաթոշակների նշանակման և վճարման հետ կապված բոլոր գործառույթները, որոնք իրականացնում էր ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը, փոխանցվեցին հիմնադրամին։ Հիմնադրամը կենսաթոշակների ֆինանսավորմանը զուգահեռ սկսեց իրականացնել նաև քաղաքացիների կենսաթոշակների նշանակման աշխատանքները։
ԼՂՀ կառավարության 1998թ. հուլիսի 7-ի թիվ 90 որոշմամբ ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը վերանվանվեց ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամ։
ԼՂՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 26-ի թիվ 383 որոշմամբ ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամը վերանվանվեց ԼՂՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի։
ԼՂՀ Նախարարների խորհրդի 1992թ. հուլիսի 14-ի որոշման համաձայն՝ կառավարությանն առընթեր ստեղծվում է ԼՂՀ Բռնագաղթած քաղաքացիների և մարդասիրական օգնության հարցերի վարչությունը։
ԼՂՀ նախագահի հրամանագրով Բռնագաղթած քաղաքացիների և մարդասիրական օգնության հարցերի վարչությունը 1995թ. սկզբներին վերակազմակերպվում է ԼՂՀ Բռնագաղթած քաղաքացիների և մարդասիրական օգնության հարցերի պետական վարչության:
ԼՂՀ Բռնագաղթած քաղաքացիների և մարդասիրական օգնության հարցերի պետական վարչությունը գործել է մինչև նրա լուծարումը՝ 1997թ. հունվար։
ԼՂՀ ՊՊԿ-ի 1992թ. դեկտեմբերի 17-ի թիվ 131 որոշմամբ ստեղծվում է ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության վարչությունը:
ԼՂՀ Նախագահի 1995թ. հունվարի 10-ի թիվ 9 հրամանագրով հաստատվում են ԼՂՀ առաջին կառավարության կազմն ու կառուցվածքը, որի կազմի մեջ է մտնում նաև Աշխատանքի ու սոցիալական ապահովության պետական վարչությունը:
1997թ. հունվարի 14-ին ԼՂՀ կառավարության թիվ 1 որոշմամբ լուծարվում են ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունը, ԼՂՀ Բռնագաղթած քաղաքացիների և մարդասիրական օգնության հարցերի պետական վարչությունը, Աշխատանքի և զբաղվածության հանրապետական կենտրոնը, որոնց հենքի վրա կազմավորվում է ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարարությունը։
ԼՂՀ կառավարության 1997թ. փետրվարի 25-ի թիվ 27 որոշմամբ հաստատվում են ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունն ու կառուցվածքը, որոնք նախարարության հետագա գոյության ողջ ընթացքում բազմիցս փոփոխությունների են ենթարկվում:
2003թ. ստեղծվում է Սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության բաժինը, որը 2004թ. վերակազմավորվում է վարչության, 2004թ.՝ Ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչությունը, 2005թ.՝ Աշխատանքի պետական տեսչությունը և Վերահսկողության և սոցիալական մոնիթորինգի բաժինը։
1998թ հիմք է դրվում ԼՂՀ և ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունների համագործակցությանը։ ՀՀ և ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունների միջև կնքվում է համաձայնագիր, որը հետագայում վերածվում է ընդլայնված ծրագրի։ Այն նպատակ էր հետապնդում վեր հանել հայկական երկու հանրապետությունների սոցիալական ոլորտի ընդհանուր հիմնախնդիրները և դրանց լուծումներին ուղղված միասնական քաղաքականության իրականացման մեխանիզմները, որոնց հիմքում դրվում են գործընկերության, համագործակցության և բարի կամքի սկզբունքները։ Ծրագիրը գործում է մինչ օրս։
ԼՂՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 30-ի թիվ 660 որոշման համաձայն՝ ԼՂՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամն իր կենտրոնական աշխատակազմի 3 և տարածքային 7 բաժիններով միավորվում է նախարարությանը՝ վերակազմավորվելով ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության՝ որպես առանձնացված ստորաբաժանում։ Ըստ այդմ՝ ԼՂՀ կառավարության 2009թ. հունվարի 26-ի թիվ 21-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվում ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կանոնադրության և կառուցվածքի մեջ։
Կառավարության մեկ այլ որոշմամբ 2008թ. սեպտեմբերի 30-ի որոշման կատարման ժամկետը երկարաձգվում է մինչև 2009թ. փետրվարի 2-ը։
2010թ. դեկտեմբերի 28-ի թիվ 888 որոշմամբ կառավարությունը հունիսի 10-ը սահմանում է որպես ԼՂՀ սոցիալական աշխատողի օր։
Նախարարության կառուցվածքում ստեղծվում են Տեղեկատվական ծրագրերի և համակարգչային ծառայության սպասարկման բաժինը, Բնակարանային ծրագրերի համակարգման կենտրոնը։
1995թ. ստեղծվեց «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի կազմի մեջ մտնող միայնակ տարեցների սպասարկման բաժինը 2015թ. հուլիսին տնային պայմաններում միայնակ տարեցների ու հաշմանդամների սպասարկման կենտրոնի կարգավիճակով մտնում է նախարարության կազմի մեջ:
2008թ. ստեղծվեցին երեխաների խնամքի ու պաշտպանության Ստեփանակերտի թիվ 1 և Քաշաթաղի շրջանի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունները։
ԼՂՀ կառավարության 2012թ. նոյեմբերի 2-ի թիվ 779-Ն որոշմամբ ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարարությունն անվանափոխվում է ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ հաշվի առնելով սոցիալական և աշխատանքային խնդիրների փոխկապակցվածությունը, ինչպես նաև աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը:
2013 թվականից ԼՂՀ սոցիալական պաշտպանության ոլորտում սկիզբ են առնում բարեփոխումների իրականացման նախապատրաստական աշխատանքները, ինչի կապակցությամբ կառուցվածքային փոփոխություններ են կատարվում նախարարության համակարգում։ Կենսաթոշակային ապահովության համակարգում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ բնակչության իրազեկման նպատակով ստեղծվում է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը: Ստեղծվում է իրավաբանական բաժինը, միավորվում են սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի բաժինը, աշխատանքի և զբաղվածության բաժինը վերակազմավորվում է գործակալության, կենսաթոշակային ապահովության վարչությունը՝ սոցիալական ապահովության պետական գործակալության՝ իր իրավասության տակ առնելով սոցիալական ապահովության տարածքային բաժինները։ Նախարարության կառուցվածքում ստեղծվում է տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը, ընտանիքների կարիքավորության գնահատման բաժինը:
2015թ. նախարարությունում մշակվում է ԼՂՀ ընտանիքների կարիքավորության գնահատման ,,Արցախ,, համակարգը, որի ներդրման աշխատանքները սկսվում են 2016թ. հունվարի 1-ից՝ ԼՂՀ կառավարության 2015թ. նոյեմբերի 2-ի թիվ 721-Ն որոշման համաձայն, որի հիմնական նպատակներից մեկն է բնակչության սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության և սոցիալական աջակցության տրամադրման թափանցիկության ու հասցեականության բարձրացումն ու սոցիալական պաշտպանությանն ուղղվող պետական միջոցների արդյունավետ օգտագործման ապահովումը։
ԼՂՀ կառավարության 2015թ. փետրվարի 24-ի թիվ 85-Ն որոշմամբ ստեղծվում է «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամը», որի նպատակներն են հանրապետության շրջանների առանձին բնակավայրերի զարգացման ծրագրերի մշակումը, իրականացումն ու օժանդակությունը, կարիքավոր ընտանիքներին աջակցության ցուցաբերումը:
ԱՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 6-ի թիվ 120-Ն որոշմամբ ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անվանափոխվում է ԱՀ Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության: