Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտ
ԱՀ-ում հաշմանդամության ոլորտում որդեգրած քաղաքականությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելուն, ինչը ենթադրում է`
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում հավասար պայմանների և հավասար հնարավորությունների ապահովում:
- Նեռարական կրթության ապահովում և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանում:
- Հաշմանդամության սահմանման գործընթացի կատարելագործում և վերականգնողական ծառայությունների մատչելիության բարձրացում ու տեսականու ընդլայնում:
- Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի լուծմանն ուղղված պետական և ոչ պետական մարմինների միջև սոցիալական գործընկերության սկզբունքների կիրառում:
- Ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացում:
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում կարևորագույն խնդիրը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովումն է: Այդ նպատակով քայլ առ քայլ իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ, փնտրվում քաղաքաշինական լուծումներ` կառուցված և նոր կառուցվող շենքերն ու շինությունները հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի դարձնելու համար: Չնայած վերջին տարիներին այս ուղղությամբ կատարված աշխատանքներին, այնուամենայնիվ այսօր հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ենթակառուցվածքների թիվը փոքր է: Նախարարությունը սկսել և իրականացնում է հետևողական աշխատանքներ քաղաքաշինության ոլորտում այս խնդրի վրա հատուկ ուշադրություն դարձնելու և հսկողություն սահմանելու նպատակով: Կարևոր խնդիր է նաև հարմարեցված փոխադրամիջոցների ձեռքբերումը:
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և ինքնուրույն ապահովման խնդրում հիմնարար գործոններից մեկը կրթությունն է: Հանրապետությունում ներդրվել է ներառական կրթության մոդելը, և հաշմանդամություն ունեցող (ելնելով հաշմանդամ երեխաների հատուկ կրթական կարիքներից նրանց համար մշակվում են հատուկ ուսումնական ծրագրեր) ու ոչ հաշմանդամ երեխաները կարող են սովորել միասին, նույն ուսումնական հաստատությունում: Սա կարևոր հանգամանք է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի ձևավորման համար:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման գործընթացում կարևոր տեղ ունի զբաղվածության խնդրի կարգավորումը: Զբաղվածության ցուցանիշը մեր երկրում, ցավոք, բավական ցածր է, չնայած ԱՀ գործող օրենսդրությունը պարունակում է դրույթներ, որոնք երաշխավորում են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի իրավունքի ապահովումը: Այս ոլորտի հիմնական խնդիրներն են` օրենսդրության կատարելագործում, հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի տեղավորման նպատակով գործատուին շահագրգռող դրույթներ պարունակող ծրագրերի ծավալների ընդլայնում և այլն:
Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող պետական աջակցության կարևորագույն ձևերից մեկը նրանց տրամադրվող բժշկական օգնությունն է: Բոլոր հաշմանդամություն ունեցող անձիք ունեն պետական պատվերով բուժվելու արտոնություն, 1-ին և 2-րդ խմբերը օգտվում են անվճար, իսկ 3-րդ խումբը` 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնությունից: Այս ոլորտի հիմնախնդիրներն են` մատուցվող առողջապահական ծառայությունների ծավալի մեծացում, որակի բարելավում, հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և հասանելի պայմանների ստեղծում և այլն:
Հիմնական խնդիրներից է բժշկասոցիալական փորձաքննության համակարգի կատարելագործումը` ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարեփոխումներ, բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչների և չափորոշիչների հստակեցում և այլն: Քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ԱՀ բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնում գործում է ՓՎԾ բաժինը ու ԲՍՓՀ՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը: ԲՍՓՀ-ն փորձաքննության արդյունքում կայացնում է որոշում և անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում, նրա համար մշակում է վերականգնողական անհատական ծրագիր /ՎԱԾ/, որտեղ նշվում են վերականագնողական միջոցառումների ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական օգնության տեսակները, տալիս են աշխատանքային երաշխավորագիր, ինչպես նաև հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները:
Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման ճանապարհին շատ կարևոր է վերականգնողական միջոցառումների ճիշտ և լիարժեք կազմակերպումը: Հաշմանդամույթյուն ունեցող անձի վերականգնումն իր մեջ ներառում է բժշկական, մասնագիտական և սոցիալական միջոցառումների համակարգ, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձի կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորինս նվազեցմանը /փոխհատուցմանը/: Չնայած իրականացվող աշխատանքներին, այս ոլորտում դեռևս կան մի շարք խնդիրներ` վերականգնողական ծառայությունների միասնական համակարգի ստեղծման անհրաժեշտություն, համապատասխան մասնագետների վերապատրաստում, իրականացված վերականգնողական միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական բազայի ձևավորում և այլն: Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական վերականգնմանն ուղղված պետական ծրագրերի (պրոթեզավորում, օրթեզավորում, վերականգնողական պարագաներով ապահովում) ծավալները և տրամադրվող միջոցները տարեցտարի ավելանում են, տրամադրվող ծառայություններն ընդլայնվում են` դառնալով ավելի որակյալ և մատչելի:
Իրականացվում են պետական մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարիքները բավարարելուն` հնարավորինս փոխհատուցելով նրանց կորցված ֆունկցիան: Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ է կազմակերպել Բրայլի այբուբենի ուսուցում, տպագրել հատուկ տառատեսակներով դասագրքեր, տետրեր, ամսագրեր և ձայնագրում <<Խոսող գրքեր>>: Ձայնալարերը հեռացված հաշմանդամություն ունեցող անձանց ապահովվում ձայնաստեղծ սարքերով:
Հաշմանդամության ոլորտին վերաբերվող խնդիրների կարգավորումը նախարարությունը տեսնում է շահագրգիռ պետական մարմինների և հասարակության ակտիվ խմբերի ու հատկապես` հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: