2019 թվականին սոցիալական պաշտպանության և վերաբնակեցման ոլորտում պետության խնդիրն է լինելու քաղաքացիների սոցիալական իրավունքի լիարժեք և ամբողջական իրացումը, սոցիալական արդարության սկզբունքի վրա հիմնված՝ սոցիալական պաշտպանության կարիք ունեցող անմրցունակ խմբերի համար առաջնահերթությունների պահպանումը, իրականացվող ծրագրերի ու մատուցվող ծառայությունների որակի, արդյունավետության և հասցեականության բարձրացումը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ այդ խնդիրների իրականացման համար ոլորտում կշարունակվեն կենսաթոշակային, զբաղվածության, հաշմանդամության, տարեցների, կանանց ու երեխաների հիմնահարցերի, վերաբնակեցման բնագավառներում բարեփոխումների, ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Շարունակական կլինեն ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նպատակային ծրագրերը և դրանց մոնիթորինգն ու գնահատումը: Կակտիվացվի համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ:
Նախարարն անդրադարձել է նաև գերատեսչության կողմից ընթացիկ տարում իրականացվող ծրագրերին:
Մասնավորապես՝ հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի բնագավառում կշարունակվեն հաշմանդամների սոցիալական վիճակի բարելավման, նրանց հասարակությանը ինտեգրման, հավասար (մատչելի) պայմանների, պրոթեզավորման, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով, լսողական սարքերով ապահովման, ինչպես նաև բժշկասոցիալական վերականգնմանն ուղղված աշխատանքները:
«Աշխատանքի և զբաղվածության բնագավառում 2019 թվականին պետական քաղաքականությունը ուղղված կլինի զբաղվածությանը նպաստող ծրագրերի իրականացմանը, գործազրկության մակարդակի իջեցմանը, գործատուների հետ աշխատանքների ակտիվացմանը, նպատակ ունենալով իրականացնել աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից և միտումներից բխող զբաղվածության պետական ճկուն քաղաքականություն՝ հստակ թիրախավորված ծրագրերի ներդրմամբ` առաջնահերթությունը տալով աշխատաշուկայում անմրցունակ, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների գործազուրկ անձանց կայուն զբաղվածության ապահովմանը:
Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի բնագավառում իրականացվող աշխատանքները ուղղված կլինեն կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանությանը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում դաստիարակության, ուսման, խնամքի և ֆիզիկական զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»,- նշել է Ս. Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ կշարունակվեն հինգ և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության, երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստի տրամադրման և այլ ծրագրեր:
Կշարունակեն գործել կարիքավոր ընտանիքների ու երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրերը, մասնավորապես` առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանով ապահովումն ու կահավորումը, նրանց խնամքի, դաստիարակության, ուսման կազմակերպումը:
Բնակարանային պայմանների բարելավման բնագավառում կշարունակվի «Բնակարան վարձելու կամ ժամանակավոր կացարանով ապահովման նպատակով ֆինանսական օգնության տրամադրում» ծրագրով պետական աջակցությունը: Այն տրամադրվելու է առավել ծանր պայմաններում գտնվող սոցիալական առանձին խմբերին պատկանող անձանց, հանրապետությունում տարերային աղետներից տուժած քաղաքացիներին, փախստականի վկայական ստացած, ինչպես նաև բնակելի շինությունների վերակառուցման հետևանքով վարձակալական հիմունքներով բնակվող ընտանիքներին:
2019 թվականից որոշակի սոցիալական խմբերի համար կգործի բնակարանային ապահովման նոր կարգ: Կհստակեցվեն համապատասխան սոցիալական խմբերն ու պետական աջակցության ձևերը: Կարգի համաձայն՝ բնակարաններ կամ բնակելի տներ տրամադրվում կամ վերանորոգվում են առաջնահերթ ԱՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների և ԱՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամների համար: Կարգով միաժամանակ սահմանված է, որ քաղաքացին, որպես բնակարանային պայմանների կարիք ունեցող, կարող է հաշվառվել, եթե համապատասխան բնակավայրում ունի տասը տարվա անընդմեջ հաշվառում (այս պայմանը չի տարածվում Ստեփանակերտ և Շուշի քաղաքներից այլ բնակավայր տեղափոխվելու դեպքում, որի ժամանակ հաշվառման ժամկետ չի սահմանվում): Գյուղական բնակավայրերում քաղաքացու համար սահմանվում է 5 տարվա հաշվառման պահանջ, ընդ որում, եթե քաղաքացին տեղափոխվում է նույն շրջանի մեկ բնակավայրից մեկ այլ բնակավայր, ապա պահպանվում է հաշվառման անընդմեջությունը:
Նշենք, որ 2019թ. հունվարի 1-ից Արցախի շրջանների վարչակազմերում և Ստեփանակերտի քաղաքապետարանում սկսված են քաղաքացիների հերթացուցակների ձևավորման աշխատանքները: