Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների հաշվառման և նրանց բնակարանների կամ բնակելի տների տրամադրման կամ բնակարանների կամ բնակելի տների վերանորոգման կարգի մասին համառոտ տեղեկություններ

2019թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիներին կտրամադրվեն (կվերանորոգվեն) բնակարաններ կամ բնակելի տներ:

Որոշման նպատակը առանձին սոցիալական խմբերոմ ընդգրկված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին հաշվառելն է, նրանց հաշվառումից հանելը, բնակարաններ կամ բնակելի տներ տրամադրելը և բնակարաններ կամ բնակելի տներ վերանորոգելն է:

Կարգի համաձայն բնակարաններ կամ բնակելի տներ տրամադրվում կամ բնակարաններ կամ բնակելի տներ վերանորոգվում են ԱՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների և ԱՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամների համար:

Քաղաքացին, որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող,  կարող է իրավասու մարմնում հաշվառվել, եթե.

  • նրա բնակելի մակերեսի ապահովվածությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով յոթ քառակուսի մետրից պակաս է.
  •  ընտանիքում ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձինք բնակվում են մեկ սենյակում, բացի ամուսիներից.
  • ընտանիքի անդամները տառապում են ԱՀ առողջապահության նախարարի հրամանով  հաստատված հիվանդություններով, որոնց դեպքում հիվանդին առանձին կամ լրացուցիչ մակերես է պահանջվում և որի տրամադրման դեպքում ընտանիքի մյուս անդամներից յուրաքանչյուրին կմնա յոթ քառակուսի մետրից պակաս բնակելի մակերես.

Ծրագրից օգտվելու համար քաղաքացին դիմում է իր հաշվառման վայրի իրավասու մարմնին՝  ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում.
  • իր և իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները
  • ընտանիքի կազմի մասին տեղեկանքը
  • զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքը
  • հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը
  • իր և իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի անշարժ գույքի վերաբերյալ տվյալների մասին տեղեկանքը
  • անհրաժեշտության դեպքում սույն կարգով նախատեսված դրույթներին համապատասխան այլ փաստաթղթեր

Կարգով միաժամանակ սահմանված է, որ քաղաքացին, որպես բնակարանային պայմանների կարիք ունեցող, կարող է հաշվառվել, եթե համապատասխան բնակավայրում ունի տասը  տարվա  անընդմեջ հաշվառում (այս պայմանը չի տարածվում Ստեփանակերտ և Շուշի քաղաքներից այլ բնակավայր տեղափոխվելու դեպքում, որի ժամանակ հաշվառման ժամկետ չի սահմանվում): Գյուղական բնակավայրերում քաղաքացու  համար սահմանվում է 5 տարվա հաշվառման պահանջ, ընդ որում, եթե քաղաքացին տեղափոխվում է նույն շրջանի մեկ բնակավայրից մեկ այլ բնակավայր, ապա պահպանվում է հաշվառման անընդմեջությունը:

Քաղաքացուն բնակարան կամ բնակելի տուն տրամադրելիս բնակելի մակերեսը որոշվում  է՝  ելնելով հետևյալ պահանջների բավարարումից.

  • ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով առնվազն ինը քառակուսի մետր.
  • ընտանիքում 20 շաբաթական հղիություն ունեցող անձի դեպքում, որը  հաստատվում է բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանքով, լրացուցիչ մեկ անդամի հաշվով առնվազն ինը քառակուսի մետր.
  • ԱՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված հիվանդություններով տառապող անձինք, որոնք իրավունք ունեն ստանալու առանձին սենյակ կամ լրացուցիչ բնակելի մակերես

Քաղաքացին բնակարան կամ բնակելի տուն ստանալու իրավունքից կարող է օգտվել մեկ անգամ:

Եթե քաղաքացին սեփականության իրավունքով ունի բնակարան կամ բնակելի տուն, սակայն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը չի բավարարում և իրավասու մարմնում հաշվառված է որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, ապա բնակարան կամ բնակելի տուն տրամադրվում է՝ նրան սեփականության իրավունքով պատկանող բնակարանը կամ բնակելի տունը նվիրատվության կարգով ԱՀ հանձնելու դեպքում (կարգի 14-րդ կետ):

Պետական աջակցությամբ բնակարան կամ բնակելի տուն ստացած քաղաքացիները բնակարան կամ բնակելի տուն վերանորոգելու  իրավունքից չեն օգտվում:

Բնակարան կամ բնակելի տուն ունեցող քաղաքացիները բնակարան կամ բնակելի տուն վերանորոգելու իրավունքից բացի կարող են, ընտանիքի կազմի ավելացման դեպքում, օգտվել նաև բնակարան կամ բնակելի տուն ստանալու իրավունքից՝ ապահովելով սույն կարգի 14-րդ կետի պահանջները, բացառությամբ այն դեպքի, երբ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը բավարարող համապատասխան բնակարան կամ բնակելի տուն ազատ բնակարանային ֆոնդում առկա չէ: Այս դեպքում ընտանիքին տրամադրվում է լրացուցիչ բնակարան կամ բնակելի տուն:

Միաժամանակ հայտնում ենք, որ 2019թ. հունվարի 1-ից ԱՀ շրջանների վարչակազմերում և Ստեփանակերտի քաղաքապետարանում սկսված են քաղաքացիների հերթացուցակների ձևավորման աշխատանքները:

Ինչ վերաբերվում է Ստեփանակերտի քաղաքապետարանում արդեն իսկ գոյություն ունեցող հերթացուցակներին, ապա նոր կարգի իմաստով շահառու հանդիսացող ԱՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքները և ԱՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամները կտեղափոխվեն նոր հերթացուցակներ՝ պահպանելով հաշվառման հաջորդականությունը:

Վերոնշյալ կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

ԿԻՍՎԵԼ