Հունիսի 10-ին Արցախի Հանրապետությունում նշվում է Սոցիալական աշխատողի մասնագիտական տոն օրը, ինչի առթիվ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը շնորհավորանքի խոսք է հղել ոլորտի աշխատակիցներին.
-Սոցիալական աշխատանքի հարգելի՛ հանձնառուներ
Հատկապես այս օրերին, երբ 2020թ-ի պատերազմից հետո մեր երկրում օրեցօր ավելի սուր է դրվում հասարակության սոցիալական պաշտպանվածության խնդիրն՝ առավել արժևորված և պահանջված է դառնում ձեր աշխատանքը։
Բարձր մասնագիտական որակներին և փորձառությանը զուգահեռ, սոցիալական ոլորտում առաջնային դեր է վերապահվում նաև յուրաքանչյուր աշխատակցի մարդկային տեսակին։ Այն աշխատանքը, որ մենք ամենօրյա ռեժիմով իրականացնում ենք համատեղ, թույլ է տալիս հավաստել, որ գործնականում կիրառվում են բոլոր սկզբունքները, որոնք մենք ստանձնել ենք անուղղակիորեն՝ իբրև հասարակության խնդիրներին և կարիքներին շատ մոտ կանգնած պատասխանատուներ։
Հարգելի՛ գործընկերներ
Տարիներ շարունակ Սոցիալական աշխատողի օրն ավանդաբար նշել ենք որևէ հանդիսավոր միջոցառմամբ կամ տոնակատարությամբ։
Արցախի շրջափակման պայմաններում՝ ինչպես բոլոր առաջնահերթություններն են փոխվել, այնպես էլ անելիքներն են որակապես այլ։
Այս օրերին բոլոր միջոցառումների փոխարեն մենք ամբողջ համակարգով լծված ենք կյանքի կոչելու մեր հանրության սոցիալական բեռի թեթևացմանն ուղղված մի շարք ծրագրեր։
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ուժ և աննկուն կամք եմ մաղթում բոլորիդ՝ ձեր ընտրած առաքելությանն անդավաճան ծառայելու և ձեր գիտելիքներն ու փորձն ի նպաստ հանրությանն օգտագործելու համար։
Իսկ օրվա խորհուրդն առիթ է՝ Արցախի սոցիալական ապահովության մի խումբ վաստակավոր աշխատակիցների շնորհակալագրերով պարգևատրելու համար։
Ամուր ոգի և ամենայն բարիք բոլորիդ։