Ցավակցական

Խոր ցավով տեղեկացանք Արցախի սոցիալական պաշտպանության ոլորտում երկարամյա աշխատանքային ճանապարհ անցած Նաիրա Շմավոնի Մուսայելյանի մահվան մասին։
1996-1997թթ․ Նաիրա Մուսայելյանը ղեկավարել է միջշրջանային բժշկաաշխատանքային փորձագիտական հանձնաժողովը, իսկ 1997թ․-ից՝ հանրապետական բժշկաաշխատանքային փորձագիտական հանձնաժողովը։
2008-2019թթ․ զբաղեցրել է «Երեխաների խնամքի և պաշտպանության համար 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը։
Որպես սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատակից, անգնահատելի է նրա դերակատարությունն Արցախյան առաջին պատերազմից հետո բժշկաաշխատանքային փորձագիտական հանձնաժողովը նախագահելու առումով։
Ստանձն առնելով այդ առաքելությունը՝ հետպատերազմյան շրջանի ծանր հետևանքների հաղթահարման ժամանակաընթացքում տիկին Նաիրային, շնորհիվ իր լուսավոր և բարի մարդկային որակների և մասնագիտական հմտությունների համատեղման, հաջողվել է հարթել ոլորտի խնդիրները և ծագող բոլոր հարցերին տալ հիմնավորված, արդարացի և հանրօգուտ լուծումներ։
Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության տնօրենի պաշտոնում տիկին Նաիրայի բոլոր ձեռնարկումները միտված են եղել երեխաների իրավունքների պաշտպանությանն ու բավարար կենցաղային պայմանների ապահովմանը։ Նրա հոգատարության շնորհիվ հաստատության սաները մշտապես պարուրված են եղել ընտանեկան ջերմությամբ և սիրով։
Նաիրա Մուսայելյանն աշխատանքային կոլեկտիվի հիշողության մեջ ընդմիշտ կմնա որպես մարդամոտ, բարի, կամեցող գործընկեր, օրինակելի մայր և կին, ում լուսավոր ներկայությանը երբեք բացակա չի դրվի։
Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը վշտակցություն ու զորակցություն է հայտնում Մուսայելյանների և Սարգսյանների ընտանիքին՝ համբերություն մաղթելով հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին:
ԿԻՍՎԵԼ