Մայիսի 26-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ, որի ընթացքում քննարկվել է նաև սոցիալական ոլորտի կատարողականը:
Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը ներկայացրել է գերատեսչության առանձին ծրագրերի ծախսային հոդվածները:
Վահրամ Առաքելյանի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
– Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, ներկաներ
Ձեզ եմ ներկայացնում Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման ամփոփ հաշվետվությունը՝ սոցիալական պաշտպանության մասով։
Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի՝ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից իրականացվելիք սոցիալական պաշտպանության հաստատված ծախսը կազմել է 29 մլրդ 537 մլն դրամ, իսկ ճշտված բյուջեն՝ 28 մլրդ 922 մլն դրամ։ Նախատեսված ծախսերը կատարվել են 28 մլրդ 347 մլն դրամի չափով՝ բնակչության սոցիալական պաշտպանությանն ուղղված 39 ծրագրերի շրջանակներում, այդ թվում՝ գործադիր իշխանության պետական մարմնի պահպանման ծախսերը։
Այժմ կներկայացնեմ կատարված ծախսերի մասին տեղեկություններ՝ ըստ ծրագրային խմբերի, որոշ դեպքերում նաև՝ ըստ առանձին հոդվածների՝ ներկայացնելով նաև ճշտված բյուջեով նախատեսված ծախսի նկատմամբ կատարողական ցուցանիշները։
Ծախսերի առաջին խումբը «Վատառողջություն և անաշխատունակություն» խումբն է, որում ընդգրկված են գործատուների մոտ աշխատանքային խեղում ստացած անձանց առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման, հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովման, ինչպես նաև Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնի պետական աջակցության ծրագրերը։
Նշված ծրագրերի բյուջեն կազմել է 134 մլն 506 հազար դրամ, իսկ կատարողականը՝ շուրջ 116 մլն դրամ կամ 86.2 տասնորդական տոկոս։ Բարձր կատարողական ցուցանիշ է արձանագրվել առողջության վնասի փոխատուցման ծրագրով՝ ավելի քան 99.7 տասնորդական տոկոս։ Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնի պետական աջակցության ծրագիրը կատարվել է 88 տոկոսով, ինչը պայմանավորված է կենտրոնի պահպանման ծախսերի նվազմամբ։
Նշեմ, որ կառավարության աջակցությամբ մեզ հաջողվել է շրջափակման պայմաններում Արցախ տեղափոխել նախորդ տարվա բյուջեի միջոցներով ձեռք բերված պրոթեզաօրթոպեդիկ պարագաները և շարունակել հաշմանդամ դարձած քաղաքացիների պրոթազավորման և պրոթեզների վերանորոգման աշխատանքները։
Ծախսերի 2-րդ խմբում ընդգրկված են «Ծերության» ծրագրերը, մասնավորապես՝ աշխատանքային, սոցիալական, սպայական և շարքային անձնակազմերի անդամների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների վճարման, ինչպես նաև Ստեփանակերտի տուն-ինտերնատի պետական աջակցության ծրագրերը։ Այս ծրագրերի համար նախատեսված գումարը կազմել է 17 մլրդ 715 մլն դրամ, իսկ կատարողականը՝ 17 մլրդ 677 մլն դրամ կամ 99.8 տասնորդական տոկոս։ Նշված կատարողական ցուցանիշը պահպանվել է գրեթե բոլոր տեսակի կենսաթոշակների համար։
Նշեմ, որ 2022 թվականի ընթացքում, հաշվի առնելով նաև տարեսկզբից իրականացված բարձրացումները՝ միջինում 20 տոկոսի չափով, աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կազմել է շուրջ 56 հազար դրամ, իսկ սոցիալական կենսաթոշակի միջին ամսական չափը՝ շուրջ 36 հազար դրամ։
«Հարազատին կորցրած անձինք» խմբում ընդգրկված է մեկ ծրագիր։ Այն է՝ Կենսաթոշակառուի և տեղահանված անձի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը։ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարը կազմել է 205 մլն դրամ, որի կատարողականը կազմել է 98 տոկոս կամ 201 մլն 200 հազար դրամ։
Ծախսերի հաջորդ՝ «Ընտանիքի անդամներ և զավակներ» խմբում ընդգրկված են երեխաներին տրվող նպաստները, ամուսնության նպաստները, առանձին խմբերի անձանց հիշարժան օրերին տրվող միանվագ դրամական օգնությունները, զոհված զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի հատուցումները, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ երկու և ավելի զոհ տված ընտանիքների ամենամսյա դրամական օժանդակությունները, ինչպես նաև Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության պետական աջակցությունը։
Բյուջեով նախատեսված 7 մլրդ 200 մլն դրամից այս ծրագրերի համար տարվա ընթացքում ծախսվել է 6 մլրդ 900 մլն դրամ` արձանագրելով 96,4 տասնորդական տոկոս կատարողական, ինչը հնարավորություն է տվել իրականացնել նախանշված բոլոր ծրագրերը, այդ թվում՝ ամենամսյա նպաստների չափերի՝ նախատեսված 20 տոկոսով բարձրացումները։
Ամենացածր կատարողականը՝ 23 տոկոս, արձանագրվել է «Գործազրկության» խմբում ընդգրկված ծրագրերի մասով։ Մասնվորապես՝ 81 տոկոսով կատարվել են Աշխատանքի տոնավաճառի և աշխատաշուկայի հետազոտման կազմակերպման ծրագրի ծախսերը, 50 տոկոսով կատարվել են վարձատրվող հասարարական աշխատանքների կազմակերպման ծրագրի ծախսերը, 40 տոկոսով կատարվել են մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման համար աջակցության ծրագրի ծախսերը։
Ծրագրերի հաջորդ խմբում ընդգրկված են Հայրենական մեծ պատերազմի վետերանների, ժողովրդական և վաստակավոր պատվավոր կոչումների արժանացած անձանց ամենամսյա պատվովճարների, ամենամսյա դրամական օգնությունների վճարները։ Բյուջեով նախատեսված ծախսերը կազմել են 1 մլրդ 300 մլն դրամ, իսկ փաստացի կատարված ծախսերը՝ 1 մլրդ 200 մլն դրամ՝ ապահովելով 92 տոկոս կատարողական։ Ցածր կատարողական (շուրջ 70 տոկոս) ցուցանիշ է արձանագրվել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարների մասով, ինչը, ցավոք, պայմանավորված է նրանց թվի նվազմամբ։
Ծախսերի վերջին խմբում ներառված ծրագրերը կատարվել են 95 տոկոսով։ Եթե բյուջեով նախատեսված ծախսը կազմել է 2 մլրդ 350 մլն դրամ, ապա կատարողականը կազմել է 2 մլրդ 230 մլն դրամ։
Բացի պահպանման ծախսերից, այս խմբում ընդգրկված են կենսաթոշակների և այլ սոցիալական հատուցումների վճարման ծառայությունների ծախսերը, որի կատարողականը կազմել է 88,3 տասնորդական տոկոս, առողջարանային բուժման ուղեգրերի ձեռքբերման ծախսերը, որի կատարողականը կազմել է 93,4 տասնորդական տոկոս, սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնության տրամադրման ծախսերը, որի կատարողականը կազմել է 64,3 տասնորդական տոկոս, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրման ծախսերը, որի կատարողականը կազմել է 99,6 տասնորդական տոկոս։
Ընդհանուր առմամբ, սոցիալական պաշտպանությանն ուղղված ծախսերը 2022 թվականին կատարվել են 98 տոկոսով, ինչը հնարավորություն է տվել իրականացնել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գրեթե բոլոր ծրագրերը՝ ուղղված բնակչության սոցիալական պաշտպանությանն ու կենսամակարդակի բարձրացմանը։
Շնորհակալություն ուշադրության համար։