ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Մանգասարյանին

Հունվարի 11-ին, ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Մանգասարյանին:

Շնորհակալություն հայտնելով նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանին դժվար ժամանակահատվածում նախարարի պարտականությունները կատարելու համար՝ պետական նախարարը բարձր է գնահատել վերջինիս մասնագիտական որակներն ու նվիրվածությունն աշխատանքի նկատմամբ:

Արմեն Մանգասարյանին հաջողություններ մաղթելով նոր աշխատանքում՝ Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ տվյալ պարագայում ոչ թե շնորհավորանքի խոսքեր պետք է ասել, այլ շնորհակալության, որովհետև սոցիալական ոլորտը մեր երկրի ամենածանր և աշխատատար ճյուղերից է:

Ռուբեն Վարդանյանը հույս է հայտնել, որ մեկտեղելով նորանշանակ նախարարի մասնագիտական կարողություններն ու աշխատակիցների փորձառությունը, լավագույնս կիրականացվեն նախանշված ծրագրերը:

Արմեն Մանգասարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ առաջադրված պահանջների և ծրագրերի արդյունավետ իրականացման համար կարևոր նախապայման է լինելու ամենօրյա հետևողական և նվիրված աշխատաոճը:

ԿԻՍՎԵԼ