ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ուղերձը հաշմանդամության միջազգային օրվա առթիվ
Հարգելի՛ հայրենակիցներ
Միջազգային օրացույցում այս օրն առանձնանշվել է որպես մարդասիրության, համակեցության ու հասարակության համերաշխության խորհուրդ ամփոփող օր: Խորհուրդը նույնն է, բայց այլ է մեր իրականությունը. թե՛ երեկ, թե՛ այսօր: Այս օրը նախ և առաջ հասարակության կարեկցանքի և զգոնության վերարժևորման օր է, հասարակության ապահովության երաշխավորությունը ստանձնած պետության պատասխանատվության գնահատման օր է:
Թե ինչպիսի՛նն են այսօր սահմանափակ հնարավորություններով անձանց ինքնադրսևորման պայմանները, ինքնիրացման հնարավորությունները, դրանով կարելի է գնահատել մի կողմից՝ մեր հասարակության շրջանում կարեկցանքի և խղճի գիտակցության առկայության աստիճանը, մյուս կողմից՝ ձևավորված պետական մտածողության ու պետական կառույցների պատասախանատվության չափը:
Մեր պետականության կազմավորման առաջին իսկ օրվանից անկյունաքարային էր սահամանափակ հնարավորություն ունեցող անձանց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի և հոգածության արմատավորումը: Ցավալի է, որ առ այսօր այդ ուղղությամբ տարվող աշխատանքները անընդհատ են, անհանգրվան ու կրկնվող պատերազմների պարտադրությամբ աճում է նաև սահամանափակ հնարավորություն ունեցող անձանց թվակազմը:
Առավել դժվար է այսօր գնահատել՝ ի՛նչ խնդիրներ ենք լուծել և որքա՛ն էին արդյունավետ առաջարկված լուծումները: Որովհետև երբ թվում էր, թե օրենսդրական կարգավորումներով խնդիրների լուծման ճանապարհները հստակեցված են, երբ թվում էր, թե հասցեական է աջակցությունը և հասարակության շրջանում էլ նկատելի էր համապատասխան վերաբերմունքի և ընկալունակության բավարար մակարդակ, նոր հարվածը հասցվեց: Ու այսօր իրականում վիրավոր է ողջ հասարակությունը:
Հարգելի՛ հայրենակիցներ, երկնքում անմահների գունդն է, երկրում՝ այստեղ, դուք եք՝ կյանքն անմնացորդ նվիրելու պատրաստակամության կենդանի վկաներդ: Մեկ ու միակ միասնական խնդիր ունենք այսօր բոլորս՝ միմյանց նեցուկ լինել, կամք և ուժ ունենալ՝ առկա և ակնկալիք դժվարությունները միասին հաղթահարելու, միասին լինելու, բազում կյանքերով սրբացած այս սրտապատառ հողում ապրելու իրավունք ունենալու, այդ իրավունքը պաշտպանել կարողանալու:
Առողջությո՛ւն և ի գործ՝ ձե՛զ, մե՛զ, բոլորի՜ս….
Աստվա՛ծ Պահապան…