Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Առաքելյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծում ամրագրված՝ սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի ծախսերը:
Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերի ընդհանուր ծախսը՝ ներառյալ նախարարության և ենթակա կազմակերպությունների պահպանման ծախսերը 2023 թվականին կկազմեն շուրջ 30 մլրդ 200 մլն դրամ, ինչը 2022 թվականի համեմատ կաճի շուրջ 700 մլն դրամով կամ 7.5 տասնորդական %-ով։
Վահրամ Առաքելյանը նշեց, որ նախկինում մեկնարկած բոլոր սոցիալական ծրագրերը կշարունակվեն իրականացվել նաև 2023 թվականի ընթացքում, իսկ որոշ ծրագրեր, նաև կընդլայնվեն սոցիալական հատուցումների չափերի բարձրացման կամ շահառուների շրջանակի ավելացման արդյունքում։
Ելույթի ամբողջական տարբերակը ստորև:
Հարգարժան նախագահողներ,Հարգելի պատգամավորներ, գործընկերներ
Ներկայացնեմ Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծում ամրագրված՝ սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի ծախսերն ու ոլորտը բնութագրող` որոշ հիմնական ցուցանիշներ։ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերի ընդհանուր ծախսը՝ ներառյալ նախարարության և ենթակա կազմակերպությունների պահպանման ծախսերը, 2023 թվականին կկազմեն շուրջ 30 մլրդ 200 մլն դրամ, ինչը 2022 թվականի համեմատ կաճի շուրջ 700 մլն դրամով կամ 7.5 տասնորդական %-ով։ Այդ ծրագրերը միավորված են 7 խմբերում և այժմ հնարվորինս համառոտ կներկայացնեմ այդ խմբերում ընդգրկված հիմնական ծախսային ծրագրերն ու ակնկալվող ցուցանիշները։Վատառողջություն և անաշխատունակության խմբում ներառված ծրագրերից առաջինը աշխատանքային խեղման և մասնագիտական հիվանդության հետևանքով պատճառված վնասի հատուցումներն են, որի ծախսը կկազմի շուրջ 13 մլն դրամ՝ պահպանելով 2022 թվականի պետական բյուջեի ցուցանիշը։ Թվով 29 հոգու վճարվող հատուցման միջին ամսական չափը կազմում է շուրջ 57 հազար դրամ, որի հաշվարկման հիմքում ընկած է անձի աշխատունակության կորստի աստիճանը և գործող նվազագույն աշխատավարձի չափը։
Խմբում ընդգրկված մյուս ծրագիրը պրոթեզաօրթոպեդիկ պարագաների ձեռքբերման ծրագիրն է, որի ծախսերը՝ 2022 թվականի համեմատ, նույնպես կմնան անփոփոխ՝ կազմելով 90 մլն դրամ, սակայն ծրագրի ներքին վերաբաշխումների շնորհիվ հնարավորություն կընձեռվի ձեռք բերել և քաղաքացիներին տրամադրել նոր տեսակի օժանդակ պարագաներ, ինչպիսիք են, օրինակ, տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված հատուկ ձեռնափայտերը, ինչպես նաև որոշակի ընդլայնել տեխնիկական օժանդակ պարագաներ ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը։Ծերություն խմբում հիմնականում ընդգրկված են կենսաթոշակային ապահովության ծրագրերը, որոնց ուղղվելիք ծախսերը 2023 թվականին կկազմեն 19 մլրդ 100 մլն դրամ՝ ընթացիկ տարվա համեմատ աճելով շուրջ 16 %-ով կամ 2 մլրդ 500 մլն դրամով։ Ծախսերի ավելացումը հիմնականում պայմանավորված է 2023 թվականի երկրորդ կիսամյակում կենսաթոշակների չափերի տնարավոր բարձրացմամբ։ Հարկ եմ համարում խոսել նաև սպայական անձնակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ ծրագրի մասին, որի ծախսերը 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված են 2 մլրդ 930 մլն դրամի չափով, իսկ հաջորդ տարում՝ 1 մլրդ 560 մլն դրամի չափով, ինչը պայմանավորված է պաշտպանության բանակի կենսաթոշակառուներին տրվող ամենամսյա հավելավճարների ծախսերը նոր ծրագրի տեսքով ներկայացվելու հետ։ Նշեմ, որ 2023 թվականի հունվարի 1-ից այս ծրագրի շահառուների թվում կընդգրկվեն նաև պաշտպանության նախարարության համակարգից կենսաթոշակ ստացող՝ շարքային կազմի զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները։Հարազատին կորցրած անձինք խմբում ներառված է ընդամենը 1 ծրագիր. դա թաղման նպաստների տրամադրման ծրագիրն է։
Տեղյակ եք, որ բացի կենսաթոշակառուներից, 200 հազար դրամի չափով նպաստ է հատկացվում նաև այն բնակավայրերում հաշվառված անձանց մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձանց, որոնք բռնազավթվել են 44-օրյա պատերազմի հետևանքով։ Թաղման նպաստների վճարմանն ուղղված ծախսերը 2023 թվականին նախատեսվել են 270 մլն դրամի չափով, որը 2022 թվականի համեմատ կաճի շուրջ 4 %-ով, ինչը պայմանավորված է շահառուների թվի աճի միտումներով։
Ընտանիքի անդամներ և զավակներ խմբում ընդգրկված ծրագրերի ընդհանուր ծախսը 2022 թվականի համեմատ գրեթե չի փոխվել՝ կազմելով շուրջ 7 մլրդ 70 մլն դրամ։ Խմբում ընդգրկված ծրագրերն են առանձին խմբերի երեաներին տրվող ամենամսյա պետական նպաստները, ամուսնության և ծննդյան միանվագ նպաստները, հաշմանդամ դարձած զինծառայողներին և մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական աջակցությունները, Հանրապետության պաշտպանության ժամանակ երկու և ավելի զոհ տված ընտանիքներին տրվող ամենամսյա դրամական աջակցությունը, զոհված զինծառայողների հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման ծախսերի հատուցումները, ինչպես նաև հիշարժան օրերի կապակցությամբ՝ տարեկան 3 անգամ սոցիալական առանձին խմբերի անձանց և ընտանիքներին տրվող միանվագ դրամական օգնությունները։
Կցանկանայի նշել, որ սկսած 2022 թվականի սեպտեմբերի 2-ից, որը նշվում է որպես Արցախի Հանրապետության օր, 5 հազար դրամով բարձրացվել է հաշմանդամ զինծառայողներին տրվող միանվագ դրամական օգնության չափը՝ կազմելով 15 հազար դրամ, և 40 հազար դրամով՝ զոհված զինծառայողներին տրվող միանվագ դրամական օգնության չափը՝ կազմելով 56 հազար դրամ։ 2023 թվականի պետական բյուջեով այս խմբում կավելանա նոր ծրագիր, որի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կվճարվի թշնամու իրականացրած գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահացածների և անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամ ճանաչվածներին՝ օրեր առաջ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի համաձայն։
Խմբում ընդգրկված ծրագրերի հիմնական մասի ծախսերը պահպանել են 2022 թվականի ցուցանիշները կամ ենթարկվել են ոչ էական փոփոխության՝ ծրագրերում ընդգրկված շահառուների թվի փոփոխման միտումներից ելնելով։ Գործազրկության խմբում ընդգրկված ծրագրերի՝ 2023 թվականին նախատեսվող ծախսերը, 2022 թվականի համեմատ, կաճեն շուրջ 16 %-ով՝ կազմելով շուրջ 90 մլն դրամ։ Կարևորելով բնակչության զբաղվածության խնդիրները՝ առավել ևս հետպատերազմյան շրջանում, շուրջ 80 %-ով կավելանան գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, այդ թվում՝ ներկայումս վարձատրվող հարկադիր պարապուրդում գտնվող անձանց մասնագիտական ուսուցմանն ու վերամասնագիտացմանն ուղղվող ծախսերը՝ նրանց զբաղվածությունն ու ինքնազբաղվածությունն ապահովելու համար։ Աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման ծրագրի ծախսը 2023 թվականին կկազմի շուրջ 36 մլն դրամ։
Կշարունակեն գործել նաև զբաղվածության խթանմանն ուղղված մյուս ծրագրերը՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցումը, որը տրամադրվում է, օրինակ հաշմանդամի համար աշխատատեղի հարմարեցման նպատակով, մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցությունը, որի շրջանակներում և գործազուրկը և ուսուցանող մասնագետը ստանում են եռամսյա վարձատրություն, վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը, և իհարկե՝ աշխատանքի տոնավաճառը։ Նշեմ, որ 2022 թվականին Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված աշխատանքի տոնավաճառի արդյունքներով հնարավորություն է ընձեռվել աշխատանք փնտրող 45 անձի ապահովել աշխատանքով։
Տարվա ընթացքում ևս 63 հոգի աշխատանքի են ընդունվել նախարարության միջնորդությամբ՝ մինչև աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը։Սոցիալական հատուկ արտոնություններ խմբում ընդգրկված են Ժողովրդական և վաստակավոր պատվավոր կոչումների արժանացած անձանց և Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարները, ամենամսյա դրամական օգնություններն ու պարգևավճարները, ինչպես նաև փախստականների, տեղահանվածների և վերաբնակիչների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումները։ Այս ծրագրերի ծախսերը 2023 թվականին կկազմեն շուրջ 1 մլրդ դրամ։ Պատվովճարների տրամադրման ծրագրերի ծախսերը կնվազեն շուրջ 30 մլն դրամով, ինչը պայմանավորված է պատվավոր կոչումների արժանացած անձանց թվի հստակեցմամբ և վետերանների թվի նվազմամբ՝ պատվովճարի ամսական չափերի պահպանման պայմաններում։
Տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծախսերը կնվազեն շուրջ 2 մլրդ դրամով։ Պատճառը 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց գույքային խնդիրների լուծման ծախսերն են, որոնց իրականացումը, սկսած 2023 թվականից, կփոխանցվի Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեին։Շուրջ 10 %-ով կաճեն ամենամսյա դրամական օգնությունների և պարգևավճարների տրամադրմանն ուղղվող ծախսերը՝ կազմելով 880 մլն դրամ, ինչը պայմանավորված է շահառուների թվի աճի միտումներով։ Ծրագրային վերջին խմբում ընդգրկված ծրագրերի ընդհանուր ծախսը 2023 թվականին կկազմի 2 մլրդ 500 մլն դրամ՝ 2022 թվականի 2 մլրդ 400 մլն դրամի դիմաց՝ աճը կազմելով ավելի քան 5 %։ Խմբում ընդգրկված ծրագրերից կցանկանայի առանձնացնել ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները, որի ծախսերը 2022 թվականի համեմատ կաճեն ավելի քան 11 %-ով և կկազմեն 1 մլրդ 209 մլն դրամ, կենսաթոշակների, նպաստների և սոցիալական այլ հատուցումների վճարման հետ կապված ծառայությունները, այսինքն՝ փոստային ծախսերը, որը 2022 թվականի համեմատ կաճի շուրջ 13 %-ով և կկազմի շուրջ 232 մլն 700 հազար դրամ, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնության տրամադրման, առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի ձեռբերման ծրագրերը։
Վերջում կցանկանայի նշել, որ նախկինում մեկնարկած բոլոր սոցիալական ծրագրերը կշարունակվեն նաև իրականացվել 2023 թվականի ընթացքում, իսկ որոշ ծրագրեր, նաև կընդլայնվեն՝ սոցիալական հատուցումների չափերի բարձրացման կամ շահառուների շրջանակի ավելացման արդյունքում։ Շնորհակալություն՝ ուշադրության համար։