ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանն ուղերձ է հղել ԼՂՀ անկախության հռչակման 31-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ արցախցիներ
Շնորհավորում եմ բոլորիդ մեր ազգային իղձերի իրականացման ու ազդարարման կարևորագույն օրվա՝ ԼՂՀ անկախության հռչակման 31-րդ տարեդարձի առթիվ:
Մեր վիրավոր ու թերատված Հայրենիքի անկախության հռչակումը խորհրդանշող օրվա առիթով այլ են այսօր մեր խոհերն ու ապրումները: Վտանգված է սեփական հողում ապրելու իրավունքը, բայց պարզորոշ է մեկ իրականություն. ի հեճուկս վայրիվերումների ու բոլոր մարտահրավերների, անսասան է արցախցու ոգին: Քարից ամուր է մեր կամքը և անկոտրելի՝ արարել շարունակող բազուկը:
Արցախն այսօր, առավել քան երբևէ, ունի յուրաքանչյուրիս կարիքը, և միայն համատարած
հոգատարության ու աշխատանքի միջոցով կարող ենք շարունակել ապրել և ապրեցնել հայրենի եզերքը:
Խոնարհումս բոլոր նրանց հիշատակին, որոնց շնորհիվ կանգուն է Արցախը:
Խոնարհումս որդեկորույս մայրերին:
Խոնարհումս Արցախը չլքող ողջ ժողովրդի ամուր կամքի առաջ:
Թող Աստված զորավիգ լինի մեզ՝ պարգևելով ուժ նորից և կրկին Հայրենիքն ամոքելու ու ցավից հառնելու համար: