Արցախում տեղի ունեցավ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից կազմակերպված աշխատանքի երրորդ տոնավաճառը

Օգոստոսի 6-ին, Արցախում տեղի ունեցավ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից կազմակերպված աշխատանքի երրորդ տոնավաճառը, որին մասնակցել է 61 գործատու՝ 10-ից ավելի ոլորտներից 1555 հաստիքներով և 200-ից ավել տարբեր մասնագիտություններով։
Տոնավաճառին ներկա են գտնվել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։
Միջոցառման մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի պաշտպանության Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին:
Արտակ Բեգլարյանը, իր խոսքում շնորհակալություն հայտնելով տոնավաճառի բոլոր մասնակիցներին
և կազմակերպիչներին՝ ի դեմս ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության, կարևորել է աշխատանքի տոնավաճառի անցկացումն Արցախում: «Մենք հույս ունենք, որ այս միջոցառման արդյունքում բազմաթիվ գործատուներ և աշխատանք փնտրողներ կգտնեն իրար և փոխշահավետ պայմանավորվածության կհանգեն։ Դա կլինի կառավարության աջակցությունը և՛ սոցիալական խնդիր լուծելու, և՛ տնտնտեսության համար որոշակի խթան ապահովելու համար»,- նշել է նա:
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալ Արամ Վերդյանի խոսքով՝ պատերազմից հետո Արցախում առաջին անգամ կազմակերպված աշխատանքի տոնավաճառը լավ հարթակ է աշխատանք փնտրողների, աշխատանք առաջարկողների և կրթական հաստատությունների համար. «Տոնավաճառը կրում է «Արցախում աշխատանք կա՛» խորագիրը, և դրա անցկացումը վառ ապացույց է, որ Արցախը կա, եղել և լինելու է հայկական բարիքներ և արժեքներ ստեղծող օժախ։
Ակնկալում ենք, որ թափուր հաստիքները կհամալրվեն աշխատանք փնտրողներով»։
Տոնավաճառի ժամանակ այցելուներին հնարավորություն է ընձեռվել տեղեկատվություն ստանալ Արցախում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ և գտնել իրենց որակավորմանը համապատասխան աշխատանք։
Արցախում առկա հաստիքների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի ինչպես ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության պաշտոնական կայքէջում, այնպես էլ կտեղակայվի Ստեփան Շահումյանի անվան պուրակում տեղադրված ցուցանակի վրա:
ԿԻՍՎԵԼ