Արցախում հունիսի 10-ը նշանավորվում է որպես սոցիալական համակարգի աշխատողների մասնագիտական օր, ինչի առիթով ընդունեք շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս:

Հարգելի՛ գործընկերներ
Արցախում հունիսի 10-ը նշանավորվում է որպես սոցիալական համակարգի աշխատողների մասնագիտական օր, ինչի առիթով ընդունեք շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս:
Տարին հոբելյանական է գերատեսչության համար. այս տարի լրանում է նախարարության 25-ամյակը, որը ԼՂ մարզխորհրդի գործկոմի՝ 1931 թվականի հունիսի 11-ին կազմավորված սոցիալական ապահովության բաժնի՝ հետագայում տարբեր վերաձևակերպումների ենթարկված իրավահաջորդն է:
91 տարվա աշխատանքային ճանապարհ ունեցող կառույցն այսօր էլ շարունակում է իր հիմնական գործառույթը՝ մնալով հասարակության բոլոր խմբերի սոցիալական անվտանգության և ապահովության պահպանման հիմնական պատասխանատուն:
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո կառույցը վերանվանվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության, ինչը նշանակում է, որ մենք հայտ ենք ներկայացրել՝ ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիներին առնչվող սոցիալական ապահովության ծրագրերն իրագործել՝ երկրում ապահովելով կայուն զարգացում և ինքնազբաղվածության ապահովման դինամիկ աճ:
Իսկ առողջ հասարակության կերտման նպատակով, նույն ժամանակաընթացքում լայն թափով աշխատանքներ են ընթանում Արցախում սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման համար:
Այդ բոլոր ծրագրերը սակայն, առ ոչինչ են, եթե համակարգի ներսում չաշխատեին բանիմաց, պատասխանատու և կարեկից մարդիկ: Մարդիկ, ովքեր ամեն օր առերեսվում են տարբեր պատմություններ ունեցող և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ճակատագրերի հետ ու ձգտում վերաբերմունքով և աշխատանքով փոխել նրանց կյանքի որակը:
Առանձնահատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պատերազմի ծանր օրերին և հետպատերազմյան դժվարագույն ժամանակաշրջանում կանգնեցին քաղաքացու կողքին՝ որպես նրա սոցիալական իրավունքների իրացման պաշտպան և անխոնջ աշխատուժ:
Անխախտ է վստահությունս, որ հետայսու ևս աշխատելու ենք՝ հանուն մեր հայրենակիցների սոցիալական ապահովության և շարունակական զարգացման:
ԱՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՒ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ՝
ԱՐՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԿԻՍՎԵԼ