ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորանքի խոսք է հղել մանուկներին.
-Իմ սիրելի՜ մանուկներ
Շնորհավորում եմ բոլորիդ ամենապայծառ տոն օրվա ուրախ առիթով:
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը խորհրդանշող տոնը միայն շնորհավորանքի խոսքեր հղելու առիթ չէ. այն պարտավորեցնում է մեծերիս անդադար աշխատել, որպեսզի դուք՝ փոքրերդ, ունենաք անվրդով մանկություն, անհոգ օրեր և կայուն ապագա:
Երեխաների ապահովության, իրավունքների իրացման և պաշտպանության գործընթացն ապահովող կառույցների խնդիրն է իրականացնել շարունակական և ջանադիր աշխատանք՝ հանուն մեր մանուկների լիարժեք պաշտպանվածության և ապահովության: Այդ առումով հատկապես կարևորում եմ առանձնահատուկ խնամք պահանջող երեխաներին առնչվող հիմնահարցերի լիակատար լուծումը՝ թեթևացնելու առօրյայում հանդիպող դժվարությունների բեռը:
Արցախում ապրող, Արցախն ապրեցնող մանուկներին մենք պարտք ենք ազատ և խաղաղ Հայրենիք: Եվ ինչպիսինն էլ լինի այն իրականացնելու առաքելության գինը, յուրաքանչյուրս պարտավոր ենք այն վճարել, որպեսզի, դուք, սիրելի մանուկներ, այլևս չզգաք պատերազմի ցավն ու հարազատ տան կարոտը:
Վայելե՜ք այսօրվա անխռով երկինքն ու գեղեցիկ ներկան, նվիրեք ամենուր ժպիտներ, որովհետև դուք եք կենսատու աղբյուրը մեծերիս: