ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակության հետ՝ նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Ա. Պետրոսյանը կարևորել է երկու հայկական երկրների սոցիալական գերատեսչությունների միջև շարունակական փոխգործակցության ծավալումը՝ փորձի փոխանակման, համատեղ անելիքների ծրագրման և իրագործման ուղղությամբ:
Արցախի սոցիալական ոլորտի ղեկավարն իր խոսքում բարձր է գնահատել գործընկեր կառույցի կողմից պատերազմի հետևանքով բռնի տեղահանված արցախցիների համար սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում ցուցաբերած օժանդակությունը:
Ն. Մկրտչյանն իր հերթին ընդգծել է համատեղ աշխատանքների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով գործընկերային հարաբերությունների ամրապնդումը, անելիքների հստակեցումը:
ՀՀ սոցիալական գերատեսչության ղեկավարն այդ համատեքստում առաջնային է համարել տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների զբաղվածության ապահովման ծրագրերը:
Հանդիպումն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ: Քննարկման մասնակիցները ներկայացրել են առաջարկվող համատեղ անելիքների փաթեթ, նախնական պայմանավորվածություն ձեռք բերել աշխատանքային խմբերի ձևավորման շուրջ, քննարկել ժողովրդագրական նոր հայեցակարգի մշակման մանրամասները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում ընդլայնել համագործակցության ծրագրերի շրջանակը: