Ապրիլի 26-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Սոցիալական ոլորտին առնչվող օրակարգային երկու նախագիծը ներկայացրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանը:
Զեկույցն ամբողջությամբ տեղադրում ենք ստորև.
– Հարգարժան նախագահող, հարգելի պատգամավորներ, ներկաներ
«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկու հանգամանքով. Առաջինը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններն են,որոնց համաձայն՝ 2017 թվականից վերացվել է գործատուի կողմից աշխատանքային գրքույկ վարելու պարտավորությունը, միաժամանակ սահմանելով աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան մուտքագրելու, այսինքն՝ թվայնացնելու գործընթաց:
Այս հանգամանքից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել 2017 թվականից Արցախի Հանրապետությունում աշխատանքային գրքույկները վարելու գործընթացը, այդ թվում աշխատանքային գրքույկներում ներառվող տեղեկությունների ցանկը, դրանք լրացնելու կանոնները՝ մինչև կառավարության կողմից սահմանվելիք կարգով և ժամկետներում դրանցում առկա տեղեկատվության թվայնացումը:
Երկրորդ հանգամանքը 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքներում աշխատած անձանց աշխատանքային գործունեությանը վերաբերող տվյալների (աշխատանքային գրքույկների և այլ փաստաթղթերի) կորուստն է, ինչից ելնելով, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն, կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնում ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, և այս համատեքստում, առաջարկվում է օրենքով սահմանել, որ հանձնաժողովի կողմից սահմանված ստաժը հիմք է հանդիսանում նաև աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվող աշխատանքային ստաժի տևողությունը հաշվարկելու համար:
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի բարձրացնել աշխատող անձանց հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում վճարվող մայրության նպաստների նվազագույն չափը, ինչը, որպես հետևանք, դրական ազդեցություն կունենա հանրապետությունում ծնելության և բազմազավակության աճի վրա:
Մասնավորապես, 2022 թվականի հունվարի 1-ից, առաջարկվում է վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի հաշվարկման նվազագույն շեմ սահմանել նվազագույն ամսական աշխատավարձը:
Այսինքն, եթե անձի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս լինի նվազագույն ամսական աշխատավարձից, ապա որպես միջին աշխատավարձ (եկամուտ) հիմք կընդունվի նվազագույն ամսական աշխատավարձի չափը:
Գործող օրենքի համաձայն, միջին ամսական աշխատավարձի նվազագույն շեմ է սահմանված 69 620 դրամը (ներառյալ եկամտային հարկը)։
Նշեմ, որ 2022 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի հիմքով է հաշվարկվում նաև չաշխատող կանանց տրվող մայրության նպաստները, ինչը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ։
Շնորհակալություն ուշադրության համար:
ԿԻՍՎԵԼ