Արցախում աշխատաշուկայի վերաբերյալ Արցախպրեսի հարցադրումներին պատասխանել է ԱՀ ՍԶՄ նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Համլետ Պետրոսյանը

Գերատեսչության զբաղվածության և աշխատանքի բաժինը համագործակցում է գործատուների հետ, հավաքագրում առկա թափուր աշխատատեղերը` աշխատանք փնտրողների գործը ավելի արդյունավետ դարձնելու համար, տեղադրում կայքէջում, ինչպես նաև հավաքում այն անձանց տվյալները, ովքեր ցանկանում են ձեռք բերել աշխատանք։ Համագործակցում են հիմնականում մասնավոր կազմակերպությունների հետ։

Աշխատանք փնտրողներին առաջարկվում են հիմնականում շինարարություն ոլորտի ամենատարբեր մասնագիտություններ՝ վարորդից մինչև բանվոր, հացի արտադրամասում աշխատանք, սպասարկման ոլորտում` հիմնականում խանութներում, եվրոպատուհանների արտադրության, կարի արտադրամասում և այլն։ Պաշտոնական տվյալներով` գրանցված աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվն Արցախում 2022 թ․ մարտի 1 դրությամբ կազմում է 1069 անձ. նրանցից 1013-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ, այդ թվում` 785 կին, 284 տղամարդ։ Բնակչության թվաքանակից ելնելով՝ գործազուրկների ամենամեծ քանակը Ստեփանակերտում է՝ 528 անձ։ Մինչև 2014թ․ հանրապետությունում նրանք ստանում էին գործազրկության նպաստ։

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության զբաղվածության և աշխատանքի բաժնի պետ Համլետ Պետրոսյանի խոսքով` սրանք միայն գրանցված անձանց տվյալներ են, իրականում նրանց թվաքանակը ավելի շատ է։

«Քաղաքացիների մեծ մասն առայժմ նախապատվություն է տալիս պետական գերատեսչություններում աշխատանքին: Այդուհանդերձ, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը ամեն տարի մոտավոր 100-150 անձ է կարողանում տեղավորել աշխատանքի։ Ապագայում իրականացվող աշխատանքի արդյունավետությունը կարող է շեշտակի աճել»,- հավելում է մեր զրուցակիցը` տեղեկացնելով, որ նախատեսում են մեկնարկել նոր ծրագիր՝ ուղղված համայնքների վերաբնակիչների զբաղվածության խթանմանը:

Ծրագրից կկարողանան օգտվել սահմանամերձ համայնքներում, որտեղ բնակիչներին հնարավորություն կընձեռնվի ձեռնարկատիրությամբ զբաղվելու։ Գործող զբաղվածության ծրագրերի շահառուներից առաջնահերթությունը տրվում է տեղահանված քաղաքացիներին։

Նյութը պատրաստեց «Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակից Դիանա Մխիթարյանը

ԿԻՍՎԵԼ