Ապրիլի 2-ը նշվում է որպես աուտիզմի իրազեկման միջազգային օր

Այդ առթիվ այսօր ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարարությանը կից գործող հիմնադրամի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է կլոր սեղան, որին մասնակցել է նաև ԱՀ ՍԶՄ նախարար Արմինե Պետրոսյանը:

Իր խոսքում նախարարը մանրամասնել է իր ղեկավարած կառույցի կողմից հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրականացվող ծրագրերը, ընդգծել զարգացման յուրահատկություններ ունեցող անձանց կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք վարեն հնարավորինս լիարժեք եւ բովանդակալից կենսակերպ։

«Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից հաշմանդամություն ունեցող երեխաներն ըստ անհրաժեշտության ստանում են պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ և օրթեզներ, ուղեգրվում առողջարաններ և հանգստյան տներ: Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից հիվանդության բարդության աստիճանը գնահատելուց և համապատասխանելու դեպքում, հաշմանդամության խումբ նշանակելուց հետո նրանց տրվում է ամենամսյա թոշակ և նպաստ»,-տեղեկացրել է նա:

Նախարարությանը կից գործող նորաստեղծ սոցիալ-հոգեբանական կենտրոնը ևս կնպաստի զարգացման յուրահատկություններ ունեցող մանուկների ներառականությունն իրենց հասակակիցների շրջապատում ապահովելու խնդրի կարգավորմանը, հույս է հայտնել նախարարը: «Բարի վերաբերմունքի դրսևորմամբ, նաև մեր բոլորի մեջ դաստիարակելով հանդուրժողականություն և կամեցողություն՝ համոզված եմ, մենք կկարողանանք մեր երկրում ստեղծել կրթվելու և ինքնահաստատվելու հավասար պայմաններ հասարակության բոլոր խավերի համար»,-եզրափակել է իր խոսքն Արմինե Պետրոսյանը:

ԿԻՍՎԵԼ