Մարտի 22-ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։
Օրակարգում ընդգրկված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը:
Զեկույցն ամողջությամբ տեղադրում ենք ստորև.- Հարգելի պատգամավորներ, ներկաներՁեր քննարկմանը ներկայացված՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական, աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու ժամկետը 23 տարեկանից կսահմանվի մինչև 26 տարեկանը, ինչը պայմանավորված է Արցախում 12-ամյա միջնակարգ կրթության և բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի ներդրմամբ, հաշվի առնելով նաև արական սեռի անձանց համար պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը։Նմանատիպ փոփոխություն է առաջարկվում նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համապատասխան հոդվածում, ինչի համաձայն՝ վերոնշված ժամկետների երկարաձգումը կտարածվի նաև զոհված զինծառայողների ուսանող զավակներին տրվող ամենամսյա պարգևավճարների վրա։2-րդ փոփոխությունը վերաբերում է հաշմանդամության զինվորական կենսաթոշակներին։ Գործող օրենքի համաձայն՝ զինծառայության ժամանակ առաջացած հիվանդության պատճառական կապով հաշմանդամ ճանաչված անձին զինվորական կենսաթոշակ է նշանակվում, եթե հաշմանդամությունը սահմանվել է զինծառայության ընթացքում կամ զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո՝ 5 տարվա ընթացքում։ Առաջարկվում է վերացնել նշված 5 տարվա սահմանափակումը և անձին զինվորական կենսաթոշակ նշանակել անկախ հաշմանդամ ճանաչվելու ժամկետից։Առաջարկվում է սահմանել նաև, որ զինվորական կենսաթոշակների չափերի վերահաշվարկման հիմք է հանդիսանում նաև զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակցի փոփոխությունը (բարձրացումը)։Հաջորդ փոփոխությունը նպատակ ունի մեղմել կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքները և վերաբերում է 2019 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի վճարումը դադարեցված անձանց կենսաթոշակներին։ Եթե այդ անձանց կենսաթոշակի վճարումը դադարեցվել է 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չստանալու կամ լիազորագրով կենսաթոշակի վճարման ժամկետը լրանալու հիմքով, ապա կենսաթոշակի վճարումները կվերսկսվեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը դիմելու կամ լիազորագիր ներկայացվելու դեպքում, ընդ որում՝ կենսաթոշակը կվճարվի նաև կենսաթոշակ չստացած ամբողջ ժամանակահատվածի համար։
Կսահմանվի նաև , որ եթե անձը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնի պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքներում աշխատած ժամանակահատվածի հաստատման մասին նախարարության կազմում գործող ստաժ սահմանող հանձնաժողովի որոշումը, ապա նրան կվճարվի կենսաթոշակի իրավունքը ծագելու օրվանից չստացած կենսաթոշակի ամբողջ գումարը։«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն օրենքի դրույթները համապատասխանեցնել Գերագույն դատարանի 2020 թվականի հունվարի 14-ի ԳԴՈ-17 որոշմանը և հստակեցնել օրենքով սահմանված կենսաթոշակների հաշվարկման և վերահաշվարկման մեխանիզմները։Մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել, որ օրենքով սահմանված կենսաթոշակի հաշվարկում կիրառվում է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար մինչև 2022 թվականի հունվարի 1-ը սահմանված առավելագույն գործակիցը, և դրա հետագա բարձրացումները հաշվի չառնել կենսաթոշակի չափի բարձրացման հաշվարկում։
Գերագույն դատարանի որոշման կատարումն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է նախկին օրենսդրությամբ սահմանված կարգով, այսինքն՝ աշխատավարձի 55 տոկոսով, կենսաթոշակ նշանակել ոչ թե 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ 10 և ավելի տարի պաշտոնավարած դատավորներին, այլ դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի աշխատած այն անձանց, ովքեր դատավորի պաշտոնում նշանակվել են մինչև 2015 թվականի հունվարի 1-ը։ Ընդ որում՝ որպես աշխատավարձի չափ, հիմք կընդունվի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի և 0,85 գործակցի արտադրյալը։«Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը վերաբերում է Վաստակավոր պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի իրավունքին։Գործող օրենքի համաձայն՝ Վաստակավոր պատվավոր կոչման արժանացած անձը պատվովճարի իրավունք ունի, եթե թոշակառու է, չի զբաղեցնում պետական և համայնքային պաշտոն և չի կատարում վճարովի այլ աշխատանք։Ներկայացված նախագծով առաջարկվում է պատվովճար նշանակել ու վճարել Վաստակավոր պատվավոր կոչման արժանացած այն կենսաթոշակառուին, ով չի զբաղեցնում պետական կամ համայնքային որևէ պաշտոն։
Շնորհակալություն ուշադրության համար: