ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը մասնակցել է սոցիալական աշխատանքի միջազգային օրվա առթիվ, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում անցկացվող ֆորումին:
Իր ելույթում Արմինե Պետրոսյանը ներկայացրել է Արցախի սոցիալական իրավիճակը, նոր իրողություններով պայմանավորված դժվարությունները, նախանշել առաջիկա անելիքները, ինչպես նաև շնորհավորական ուղերձ հղել սոցիալական աշխատանքի միջազգային օրվա առթիվ.
Նախարարի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
- Հարգարժան պետական նախարար, հարգելի ներկաներ, հյուրեր
Այս օրերին Արցախի Հանրապետության ժողովուրդը հաղթահարում է հետպատերազմյան շրջանին բնորոշ դժվարություններն ամբողջ ծանրությամբ, որին ավելացել են նաև թշնամու կողմից արհեստականորեն ստեղծվող և մեր երկրին հումանիտար աղետ սպառնացող վտանգներ:
Օրեր շարունակ, թշնամու թեթև ձեռքով, մենք զրկված ենք բնական գազից, էլեկտրաէներգիայի գերծանրաբեռնվածության պատճառով լույսի պարբերական անջատումներն անխուսափելի են դարձել: Արցախում այս էլ քանի օր է, ձյուն է տեղում՝ էլ ավելի խիստ դարձնելով բնական գազի սպառման անհրաժեշտությունը: Խաթարվել է բոլորի առօրյան, ստեղծված ծանր իրավիճակը մեր երեխաներին զրկում է լիարժեք կրթության իրավունքից, իրենց մանկությունն անհոգ վայելելու պարզ ու մարդկային երազանքից:
Արցախի ժողովուրդն ապրում է ծանրագույն օրեր: Բայց ինչպես տեսնում եք, մեր կամքն անկոտրում է, մենք, չնայած բոլոր սպառնալիքներին և ամեն օր ի հայտ եկող նոր դժվարություններին, շարունակում ենք մեր վաղվա օրը կապել Արցախի հետ: Հայրենիքի հետ են կապված մեր բոլոր երազանքները, նպատակներն ու անելիքները, որովհետև լքել այն, կնշանակի դավաճանել հազարավոր տղաների արյունը, որից դեռ թաց է այս մի կտոր հողը…
Ամբողջ առաջադեմ մարդկությանն ուշադրությունն ենք ակնկալում Արցախի նկատմամբ, չնայած աշխարհում տեղի են ունենում ռազմաքաղաքական տարբեր իրադարձություններ, բայց հարկ է չմոռանալ Արցախի մասին, աչք չփակել Արցախի ժողովրդագրական պատկերը լիարժեք դարձնող ծնունդների վրա, այն մանուկների վրա, ովքեր Արցախից կոչ են հղում ամբողջ աշխարհին՝ հաստատակամ ասելով. «Ես կամ»…
Հարգելի ներկաներ
Անցնելով Արցախի սոցիալական գերատեսչության կողմից հետպատերազմյան շրջանում իրականացված ծրագրերին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ պատերազմից հետո մեզ հաջողվել է կանխել հումանիտար աղետը: Մեծավմասամբ ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացված աջակցության ծրագրերը թույլ են տվել մեր ժողովրդին ինքնակազմակերպվել և ֆինանասական աջակցությամբ առօրյա կեցությունն ապահովելուն զուգահեռ, իրենց հետագա զբաղվածության հարցը լուծել: Ուրախությամբ եմ ուզում արձանագրել, որ թեև սակավաթիվ, բայց մենք ունենք դեպքեր, երբ բռնի տեղահանված և Արցախի այլ համայնքներում բնակություն հաստատած մեր հայրենակիցները, շնորհիվ աջակցության գումարների, սկսել են զբաղվել գյուղատնտեսությամբ և ձեռներեցությամբ՝ այդ ոլորտներում դրսևորելով լավագույն օրինակներ:
Մենք շարունակաբար քայլեր ենք ձեռնարկում զբաղվածության հարցը կարգավորելու, աջակցության ծրագրերից սահուն անցում կատարելու զարգացման ծրագրերի: Այդ առումով նորություններն առաջիկայում կլինեն առարկայական և տեսանելի:
Պատերազմից անմիջապես հետո նախարարությունում գործարկվել է թեժ գիծ՝ օգնելով մեր քաղաքացիներին սոցիալական բազմաբնույթ հարցերի դեպքում չհասնել նախարարության շենք, այլ շատ արագ ստանալ հրատապ որևէ հարցի պատասխան, մենք ներդրել ենք Միասնական սոցիալական ծառայություն գործակալության ինստիտուտը՝ Մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիներին մատուցելով սոցիալական ոլորտի ծառայություններ:
Աշխարհաքաղաքական իրադարձությունները մեզ կանգնեցնում են նոր մարտահրավերների առջև: Ուստի մենք պարտավոր ենք ժամանակ չկորցնել և սթափ գնահատելով իրավիճակը՝ կատարել ճիշտ և նպատակաուղղված քայլեր, որոնք մեր հայրենակիցների կարիքների գնահատման և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները կդարձնեն առավելագույնս նպատակային և արդյունավետ: 2020թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով, Արցախի բռնազավթված տարածքներում փաստացի բնակվող և հաշվառված շուրջ 46 000 քաղաքացի մնացել է անօթևան, զրկվել աշխատանքից, սեփական եկամտի աղբյուրներից, կորցրել տարիների՝ իր բնականոն կյանքի ռիթմը: Բռնի տեղահանված մեր քաղաքացիները հայտնվել են անելանելի կացության մեջ և դա՝ ոչ միայն նյութական տեսանկյունից: Նրանք հոգեբանորեն ենթարկվել են բազմաթիվ ճնշումների: Այս առումով հարկ եմ համարում նշել, որ հոգեբանական պատերազմն ավարտված չէ: Մի շարք համայնքներում ապրող մեր հայրենակիցներն այսօր էլ շարունակում են թշնամու սպառնալիքների ներքո հող մշակել, երեխա դպրոց ուղարկել՝ արհամարհելով կյանքի իրավունքի խախտման ահագնացող վտանգը: Մարդու իրավունքների խախտման աղաղակող դեպքերին արձագանքելն ու դրանք բարձրաձայնելը նաև սոցիալական աշխատողների պարտականությունն է, քանզի այդ մասնագիտության տեր մարդիկ նախ և առաջ մարդու իրավունքների պաշտպանության հանձնառուներ են: Հենց այդ նպատակով Արցախում պատերազմից անմիջապես հետո ներդրվել է սոցիալական աշխատողի ինստիտուտը՝ խնդիր ունենալով արագ արձագանքել մեր քաղաքացիների՝ ինչպես հետպատերազմյան շրջանի կարիքներին, այնպես էլ ընդհանության մեջ վերհանելու սոցիալական բոլոր խնդիրները՝ այդ ուղղությամբ շարունակական և արդյունավետ աշխատանքների կազմակերպումն ապահովելու նպատակով: Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը կից գործող սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի անդրանիկ գրասենյակն արդեն գործում է Մարտունի քաղաքում: Հաջորդաբար նախատեսվում է նաև Մարտակերտում, Ասկերանում և Ստեփանակերտում ունենալ գրասենյակներ: Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի հիմնումը նպատակ ունի վեր հանելու խոցելի խմբերի սոցիալ-հոգեբանական կարիքները, աջակցելու դրանց բավարարմանը, որովհետև պետությունը հանձնառու է ոչ միայն մեր բնակչության ֆինանսանյութական կորուստները բավարարելու, նոր ուղիներ փնտրելու և գործնականում դրանք կիրառելու, այլ նաև պարտավոր է սոցիալ-հոգեբանական աջակցության մեխանիզմներ կիրառել՝ առողջ և ինքնուրույնացված քաղաքացիներ ունենալու համար:
Ամբողջ աշխարհում այսօր նշվում է սոցիալական աշխատանքի միջազգային տոն օրը: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաքելություն են ընտրել՝ ծառայել Անհատին: Սոցիալական ոլորտը պահանջում է մարդկային մի շարք որակներ. կամքի ուժ, նվիրվածություն, աշխատասիրություն: Սոցիալական աշխատողների ուսերին է ծանրանում՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց հոգսը կրելու ու կիսելու, դրանք ի դերև հանելու մեծ պատասխանատվությունը: Մասնագիտական տոնի առթիվ ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ու շնորհակալությունս՝ ձեզ վերապահված ոչ դյուրին աշխատանքն անտրտունջ և ջանադիր կատարելու համար: Շնորհակալություն: