Դեկտեմբերի 29-ին, տեղի է ունեցել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանի տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսը:
Նախարարը ներկայացրել է հաշվետու ժամանակաընթացքում գերատեսչության կողմից իրականացված աշխատանքները՝ անդրադառնալով ինչպես պատերազմի հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական աջակցության ծրագրերին, այնպես էլ նախարարության բնականոն աշխատանքերի ընթացքին:
Պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման ծրագրի «Գյուղական համայնքներում բնակվող ընտանիքների բնակելի տների կահավորման» ենթածրագրի շրջանակներում իրականացվել են ստուգայցեր Արցախի Հանրապետության 39 գյուղական համայնքներ, որտեղ ժամանակավոր ապաստանած 672 ընտանիքների տրամադրվել է անհրաժեշտ գույք և տեխնիկա, իսկ 341 բնակելի տներ կահավորվել են ամբողջությամբ: Այս ծրագրի կատարողականը կազմում է 550 մլն ՀՀ դրամ, ընդ որում՝ «Հայաստան»համահայկական հիմնադրամի միջոցներից 360 մլն ՀՀ դրամ, իսկ ԱՀ պետական բյուջեից 190 մլն ՀՀ դրամ:
Միաժամանակ Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան քաղաքներում ժամանակավոր ապաստանած 375 ընտանիքների տրամադրվել է սառնարան՝ ընդհանուր 60 մլն ՀՀ դրամ արժողությամբ:
Իրականացվել է անհրաժեշտ գույքի և տեխնիկայի համար դիմած Ստեփանակերտ քաղաքում և ԱՀ շրջանների տարբեր բնակավայրերում ապաստանած պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների հերթագրում՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն մուտքագրված ավելի քան 2050 դիմումների հիման վրա՝ կատարելով ճշգրտումներ՝ արդեն գույք և տեխնիկա տրամադրված ընտանիքների ցուցակների և սոցիալական աշխատողների տունայցերի ու արձանագրությունների համադրմամբ, ինչպես նաև ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացվելիք տեղեկություններով:
Վերոհիշյալ դիմումների հետքերով սոցիալական աշխատողների ստուգայցերի արդյունքները մշակվում և մուտքագրվում են՝ այս պահի դրությամբ ստանալով 1139 տեղահանված ընտանիքների անհրաժեշտ կենցաղային գույքի և տեխնիկայի նախնական ցանկը:
Ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտում աշխատանքները հիմնականում նպատակաուղղվում են հանրապետության բնակչության սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանը և կատարելագործմանը։
2021թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ԱՀ զինծառայության ժամանակ 2 հաշմանդամ դարձած և հետագայում մահացած զինծառայողների ընտանիքներին գերեզմանի բարեկարգման նպատակով հատկացվել է 1.3 մլն. դրամի փոխհատուցում, իսկ ԱՀ 44 օրյա պատերազմի ժամանակ 423 զոհված զինծառայողների ընտանիքների գերեզմանի բարեկարգման նպատակով հատկացվել է 592 մլն. 200 հազար դրամի և հուղարկավորության համար 161 ընտանիքի տրվել է 112 մլն 700 հազար դրամ։
Երկու և ավելի զոհ ունեցող 99 ընտանիքների հատկացվել է 13 մլն 890 հազար դրամ դրամական օժանդակություն։
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է տրամադրվել պրոթեզներ և օրթեզներ, օժանդակ միջոցներ, թիկնասայլաներ, լսողական սարքեր համապատասխան քաղաքացիներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունների համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ-ում իրականացվել 3 քաղաքացու ձայնաստեղծ սարքի պատրաստման աշխատանք:
Նախարարության միջնորդությամբ Երևան քաղաքում կատարվել է 24 անձի աչքի պրոթեզավորում, որի ծախսը կազմել է 1 մլն. 680.0 հազար դրամ, ինչը լրիվությամբ կատարվել է պետական բյուջեի միջոցների հաշվին։
Պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռք է բերվել թվով 400 առողջարանային և հանգստյան տան ուղեգրեր և բախշվել օրենսդրությամբ սահմանված կարգով:
Դրամական և նյութական օժանդակության հարցերով դիմած 2953 քաղաքացիներից 139 քաղաքացու հատկացվել է 19.277.000 ՀՀ դրամ, իսկ 621 քաղաքացու՝ նյութական օգնություն:
Զբաղվածության ոլորտում նշված ժամանակահատվածում բաժնի աշխատողների կողմից կապ են հաստատվել թվով 85 գործատուների հետ, ինչի արդյունքում գործատուների կողմից ներկայացվել են 368 թափուր աշխատատեղեր, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերել հետագա համագործակցության համար:
Համայնքներում «հավաբուծության» ծրագրի իրականացման նպատակով Հանրապետության Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք համայնքներում կազմակերպվել են հանդիպումներ համայնքապետերի և բնակչության հետ: Ծրագիրը կմեկնարկի Մաճկալաշեն համայնքից:
Միասնական սոցիալական ծառայության գործակալությունն իրականացրել է պետական նպաստների, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, չափահասության նպաստի, նորաստեղծ ընտանիքների համար ամուսնության նպաստի, պետական կենսաթոշակների և ժամանակավոր անաշխատունակության նպաստների` օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակման, վերահաշվարկման, վճարման, դադարեցման և վերսկսման մեթոդական ղեկավարում և մոնիթորինգ, ինչպես նաև կենսաթոշակային ապահովության և ժամանակավոր անաշխատունակության նպաստների բնագավառների ֆինանսական և տեղեկատվական հոսքերի կառավարում:
Ապրիլ ամսվանից ամփոփվել և նախարարություն են ներկայացվել երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին տրվող ամենամսյա դրամական օժանդակության, զոհված զինծառայողների հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման ծախսերը հատուցելու ծրագրերի և հիշարժան օրերի կապակցությամբ միանվագ դրամական օգնությունների ֆինանսավորման պահանջագրերը ևս:
Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում մնացած աշխատանքային գրքույկների վերականգնաման նպատակով՝ ըստ տեղեկատվական շտեմարաններում առկա տեղեկատվության՝ գործատուներին կամ քաղաքացիներին են տրամադրվել շուրջ 100 վարձու աշխատողի աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկություններ:
Գործակալության սպասարկման որակի վերահսկման բաժնի միջոցով իրականացվել են Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած քաղաքացիների, Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնության տրամադրման դիմումների մուտքագրման և դրանց վերջնական ընթացքի ապահովման գործընթացներ, իրականացրել է ամփոփման և խնդրահարույց դեպքերի վերհանման աշխատանքներ:
Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի աշխատանքների դադարեցմամբ պայմանավորված անհրաժեշտություն էր առաջացել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացնել անհրաժեշտ կառուցվածքային փոփոխություններ: ԱՀ կառավարության 2021 թվականի մարտի 4-ի N 190-Ն որոշումով դադարեցվել է «ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկի գործունեությունը և ԱՀ կարավարության 2021 թվականի մարտի 4-ի N 191-Ն որոշումով ստեղծվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (այսուհետ՝ ԲՍՓ գործակալություն): ԲՍՓ գործակալության ստեղծմամբ, գործակալության կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացմամբ, կորոնավիրուսի համավարակով, 2020 թվականի պատերազմական գործողություններով պայմանավորված փոփոխություններ են իրականացվել ԼՂՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 29-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 488 և 2004 թվականի դեկտեմբերի 21-ի «Տուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ մահվան պատճառական կապը որոշելու կարգը հաստատելու մասին» N 507 որոշումներում:
Իրականացված փոփոխություններով վերանայվել է բժշկասոցիալական փորձաքննական որոշումների բողոքարկման կարգը, 2021 հունիսի 10-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը սահմանվել է բժշկասոցիալական վերափորձաքննությունների (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված որոշակի դեպքերի) իրականացման հատուկ պարզեցված ընթացակարգ, ապահովվել է ԲՍՓ գործակալության կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացումը:
«Որպես նախարարության աշխատանքների բարելավմանը միտված ձեռքբերումներ, կարևոր եմ համարում Սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումն Արցախում, թեժ գծի գործարկումը նախարարությունում, Միասնական Սոցիալական Ծառայության գործակալության տարածքային բաժինների ստեղծումը, որոնց միջոցով մեր քաղաքացիներին հնարավորություն է տրվում մեկ պատուհանի սկզբունքով դիմել իրենց հուզող սոցիալական բոլոր հարցերի առնչությամբ»,-ընդգծել է Արմինե Պետրոսյանը:
Գալիք տարվա անելիքներին անդրադառնալով՝ նախարարն ընդգծել է. «Նոր տարում նախարարության ծրագրային անելիքների առաջնահերթություններում կարևորում ենք գործող աջակցության ծրագրերից նպատակային անցումը դեպի զարգացման ծրագրեր, որոնք կնպաստեն բնակչության շրջանում զբաղվածության խթանմանն ու ապահովմանը՝ սոցիալական կայուն զարգացման նորագույն մեխանիզմների ներդրման միջոցով: Այս նպատակով նախարարությունում 2022թ-ին նախատեսված է կառուցվածքային փոփոխություն՝ զարգացման ծրագրեր իրականացնող նոր ստորաբաժանման ընդգրկմամբ:
Բոլոր ծրագրերը, որոնք շարունակաբար կիրականացվեն առաջիկա տարվա ընթացքում ևս, և բոլոր այն միջոցառումները, որոնք կմեկնարկեն գալիք տարվանից, միտված են թոթափելու արցախցիների սոցիալական բեռը՝ հիմքում, որպես նախապայման, ունենալով սոցիալական զարգացումն անելիքների ուղենիշ ընտրելու կարևորագույն դրույթը»:
Վերջում Արմինե Պերտրոսյանը պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին:
Գլխավոր
Հայտարարություններ Դեկտեմբերի 29-ին, տեղի է ունեցել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար...