ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանն ուղերձ է հղել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ.

-Հարգելի՛ հայրենակիցներ,Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն աշխարհում նշվում է դեկտեմբերի 3-ին:

Օրվա խորհուրդը պատեհ առիթ է ի մի բերելու և նախանշելու ոլորտում արվածն ու անելիքը:

Արցախի սոցիալական գերատեսչության գերակա խնդիրներից է հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակության մեջ, հավասար հնարավորությունների ապահովումը, որպես հանրության լիարժեք անդամ: Հենց այդ նպատակին են ուղղված, մեր կողմից իրականացվող մի շարք ծրագրերի համադրմամբ, նաև հատուկ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը:

Արցախյան վերջին պատերազմում ծանր վիրավորում ստացած մեր հայրենակիցների կարիքների գնահատումն ու ըստ այդմ, համապատասխան միջոցների ձեռնարկումը, թերևս երաշխիքն է ասվածի, ինչին զուգահեռ, մենք ընտրում և ներդնում ենք մեխանիզմներ, որոնց միջոցով որոշակի սահմանափակումներ ունեցող անձանց համար կապահովվեն կրթության և աշխատանքի նորանոր հնարավորություններ:

Մենք շարունակաբար աշխատանք ենք իրականացնելու ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում՝ բարեփոխումների և լրացումների միջոցով բոլոր խավերի նկատմամբ առավել խիստ ստանձնելու սոցիալական պաշտպանվածության պատասխանատվությունը:

Թիրախային և պատեհաժամ ծրագրերի իրականացումն արդյունավետորեն կանդրադառնա հաշմանդամություն ունեցող անձանց առօրյա հոգսերի թեթևացման, անհրաժեշտ կենսապայմաններ ստեղծելու և հանրային կյանքով հնարավորինս լիարժեք ապրելու վրա:

Հաշմանդամությունը դատավճիռ չէ: Եվ թեև անելիքները դեռ շատ են, բայց բոլորիս առանձնահատուկ ուշադրության, հոգատար վերաբերմունքի ու ջանադիր աշխատանքի շնորհիվ հնարավոր կդառնա գործնականում իրականացնել ծրագրեր, որոնք կդառնան ձեր իրավունքների և կարողությունների իրացման խթանիչ ուժ:

ԿԻՍՎԵԼ