ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը՝ տեղակալներ Վահրամ Առաքելյանի և Գագիկ Նազլուխանյանի, ինչպես նաև նախարարության միգրացիայի և ժողովրդագրական հարցերի վարչության պետ Արարատ Բախտամյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 21-ին այցելել է Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքում բնակվող բազմազավակ Հայկուշ Յակուբովայի ընտանիքին:
Նախարարը տեղում ծանոթացել է նրանց կենցաղային պայմաններին, հետաքրքրվել ընտանիքի առօրյա խնդիրներով, երեխաներին փոխանցել նվերներ և սնունդ:
Ութ զավակ ունեցող Հայկուշի ընտանիքին պետությունը բնակարան է հատկացրել:
Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, բազմազավակ մոր դիմումի հիման վրա, կահույք և կենցաղային պարագաներ է տրամադրել նրանց:
Արմինե Պետրոսյանը խոստացել է ուշադրության կենտրոնում պահել բազմազավակ ընտանիքի առօրյա հարցերն՝ այդ համատեքստում առաջարկելով Հայկուշ Յակուբովային մասնակցել առաջիկայում նախարարության կողմից անցկացվելիք հմտությունների ձեռքբերման դասընթացներին:
Հաջորդիվ նախարարն այցելել է Ստեփանակերտ քաղաքում վարձավճարով բնակվող Սասուն Հակոբջանյանի բազմազավակ ընտանիքին: Հինգ փոքրիկ ունեցող ընտանիքն ապրում է անմխիթար պայմաններում՝ մեկ սենյականոց տան մեջ:
Արմինե Պետրոսյանն առաջարկել է մինչև սեփական բնակարան ձեռք բերելը, երկրի այլ ոլորտների հետ համագործակցության միջոցով, բարելավել ընտանիքի կեցության ներկայիս պայմանները:
Սասուն Հակոբջանյանի փոքրիկներին ևս նախարության կողմից հանձնվել են նվերներ և պարենամթերք:
Նախարարի կողմից բազմազավակ ընտանիքների փոքրիկներին բաժանված բաճկոնները տրամադրել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը: Նախարարության պահեստներից դրանք բաժանվել են գրեթե բոլոր տեղահանված ընտանիքների երեխաներին:
Այսուհետ բաճկոններ կստանան նաև սոցիալական այլ խմբերի պատկանող փոքրիկները:
Արցախի սոցիալական ոլորտի գլխավոր պատասխանատուն նոյեմբերի 1-ից շարունակական այցելություններ կունենա բոլոր շրջաններում բնակվող և սոցիալական որոշակի խմբերի պատկանող ընտանիքներին՝ տեղում երեխաներին փոխանցելով մարդասիրական օգնության համապատասխան պարագաները: