ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը, նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանի մասնակցությամբ, հանդիպել է «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Սեպտեմբերի 15-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը, նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանի մասնակցությամբ, հանդիպել է «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Հյուրերը ներկայացրել են հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները, մասնավորաբար, անդրադարձել առաջիկայում Արցախում «Խթան. սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր» ծրագրի իրականացման հնարավորությանը:Ծրագիրը ենթադրում է սոցիալական ձեռնարկատիրության զարգացում, որի գործունեության հիմնական թիրախն են խոցելի համայնքներն ու բնակչության խոցելի խմբերը:

Ներկայացնելով Արցախում ծրագրի իրականացման հիմնական ուղղություններն ու նպատակները՝ նրանք նշել են, որ նպատակ ունեն Արցախում այնպիսի սոցիալական ձեռնարկատիրության օրինակներ ստեղծել, որոնք խթան կհանդիսանան ավելի շատ մարդկանց ներգրավվելու ծրագրում՝ Արցախում սոցիալական ձեռնարկատիրությունը հասցնելով որակական բարձր ցուցանիշների:

Արմինե Պետրոսյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում կարևորել է հետպատերազմյան Արցախում նմանատիպ ծրագրերի իրականացումը, որոնք դրական են անդրադառնալու բնակչության զբաղվածության ապահովման գործընթացի վրա:

Նախարարի խոսքով, հատկապես ցանկալի է, որ նմանատիպ ծրագրերում ընդգրկվեն տեղահանված քաղաքացիները, ովքեր բնակավայրերի հետ մեկտեղ, կորցրել են նաև աշխատանքն ու աշխատելու հիմնական միջոցները:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սերտ փոխգործակցություն ծավալել՝ «Խթան» ծրագիրն Արցախում կյանքի կոչելու և այն թիրախային դարձնելու նպատակով:

ԿԻՍՎԵԼ