Հունիսի 10-ին, ԱՀ ԱՍՄ հարցերի նախարար Մանե Թանդիլյանն աշխատանքային այց է կատարել քաղաք Մարտունի:

«Ձեզ հետ հանդիպումն ինձ համար սպասված և կարևոր էր». Մանե Թանդիլյանն աշխատանքային այցով Մարտունիում էր
Հունիսի 10-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն աշխատանքային այց է կատարել քաղաք Մարտունի:
Մ. Թանդիլյանը նախ ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի հետ՝ քննարկում ունենալով պատերազմի հետևանքով շրջանի կրած վնասների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական ծրագրերի իրականացման ընթացքին, խոսվել դրանք թիրախային դարձնելու անհրաժեշտության մասին:
Այնուհետև նախարարը հանդիպել է Մարտունու շրջանի բնակչության հետ: Ողջունելով ներկաներին՝ Մ. Թանդիլյանը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար, չնայած այն դժվարություններին, որոնցով նրանք ստիպված էին անցնել: «Ձեզ հետ հանդիպումն ինձ համար սպասված էր և կարևոր»,-ընդգծել է նախարարը:
Անցնելով Արցախի սոցիալական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքներին և ծրագրերին, ոլորտի գլխավոր պատասխանատուն մանրամասն ներկայացրել է դրանց կյանքի կոչմանն ընթացքն ու այդ ճանապարհին ծագող հարցերին լուծումներ տալու եղանակները:
Պատասխանելով քաղաքացիներին հուզող հարցերին՝ Մ. Թանդիլյանն ընդգծել է, որ նախարարությունում սոցիալական աշխատողների ընդգրկմամբ, հնարավոր է դառնալու յուրաքանչյուր քաղաքացու կարիքի գնահատմամբ ապահովել նրանց սոցիալական պաշտպանությունը, ինչը սակայն, երբևէ չպետք է խոչընդոտի աշխատունակ անձի գործունեության իրացմանը:
Ի պատասխան քաղաքացիների մի շարք հարցադրումների, Մ. Թանդիլյանն ընդգծել է, որ հենց նման հարցերից ծնվում են նոր առաջնահերթություններ, որոնք մանրամասն ուսումնասիրվելուց հետո կբերվեն կոնկրետ ծրագրային տեսքի:
ԿԻՍՎԵԼ