ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ նախարար Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, հանդիպում են ունեցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի (Հազար պլյուս) տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ

Այսօր՝ հունվարի 15-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ նախարար Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, հանդիպում են ունեցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի (Հազար պլյուս) տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ:
Հանդիպման նպատակն էր՝ պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին հատուցումներ տալու կարգին նախարարության՝ սոցիալական աջակցությամբ զբաղվող պատասխանատու աշխատակիցներին մանրամասն իրազեկումն ու դրանից բխող այլ հարցերի պարզաբանումները:
Վ. Ավետիքյանն այդ առնչությամբ հանդես եկավ տեղեկատվությամբ, ներկայացրեց հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու մեխանիզմները՝ այնուհետև պատասխանելով ներկաներին հուզող հարցերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հիմնադրամի կողմից տրվող հատուցումների տրամադրման կարգի վերաբերյալ քաղաքացիներին իրազեկելու եղանակներն ու ավելորդ քաշքշուկից խուսափելու հնարավոր տարբերակները: Հատկապես կարևորվել է այնպիսի մեխանիզմի մշակումը, որը հնարավորություն կտա հիմնադրամի պահանջող կարգին համապատասխանեցնել այն զոհերի ընտանիքների և հաշմանդամ դարձած ազատամարտիկների տվյալները, որոնց անուններն ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել այդ ցուցակներում, ասենք օրինակ նրանք մասնակցել են որևէ գյուղի ինքնապաշտպանական մարտերին՝ առանց համապատասխան զինկոմիսարիատում գրանցվելու և այլն: Նման ծրագրի իրականացմամբ՝ հնարավոր կդառնա պահպանել հիմնադրամի կողմից իրականացվող գործունեության հասցեականությունն ու անկողմնակալությունը:
ԿԻՍՎԵԼ