ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, հանդիպում է ունեցել Triangle génération humanitaire («Եռանկյուն մարդասիրական սերունդ») հասարակական կազմակերպության տնօրեն Պատրիկ Վերբրուգենի հետ:
Ներկայացնելով կազմակերպության գործունեության հիմնական շրջանակը՝ այն է վերակառուցման և զարգացման ծրագրերի իրականացումը ռազմական գործողություններից տուժած տարբեր երկրներում՝ Պ. Վերբրուգենն ընդգծել է, որ հստակ նպատակ ունեն Արցախում ևս իրականացնելու նման ծրագրեր՝ դրանք համապատասխանեցնելով տեղական պաշտոնյաների կողմից բարձրացվող առկա խնդիրների շրջանակին:
Ողջունելով հյուրին՝ Մ. Թանդիլյանն իր խոսքում նշել է, որ բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են կազմակերպության կողմից, կիրառելի են Արցախում ևս, որովհետև հետպատերազմական բոլոր տեսակի ազդեցություններն այսօր ակնհայտորեն իր վրա կրում է Արցախում ապրող ժողովուրդը: Նախարարը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում կմշակվեն գերատեսչության և կազմակերպության միջև համագործակցության եզրերն ու կընտրվեն այն ոլորտները, որտեղ իսկապես առկա է նման աշխատանքների անհրաժեշտություն: Այդ համատեքստում Մ. Թանդիլյանն ընդգծել է երեխաների համար իրականացվող օժանդակության ծրագրերն ՝ առաձնացնելով հատկապես սոցիալ-հոգեբանական աջակցության անհրաժեշտությունն ու կազմակերպության ունեցած մասնագիտական ներուժի կիրառումն այդ բնագավառում:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումից անմիջապես հետո սկսել գործնականում կիրառելի համատեղ ծրագրերի իրականացումը: