Արցախի և Հայաստանի սոցիալական գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցություն է ընթանում արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու հարցով։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերով նախարար Մանե Թանդիլյանը։
Պատերազմից հետո ՀՀ Կառավարությունը արցախցիներին աջակցելու համար մի շարք միջոցառումներ է հաստատել։ Հաստատված միջոցառումների և իրականացվող աշխատանքների մասին ՀԺ-ն մի քանի հարց ուղղեց Մանե Թանդիլյանին։
– Տիկի՛ն Թանդիլյան, ՀՀ կառավարության կողմից արցախցիների համար իրականացվող միջոցառումները որքանո՞վ են արդյունավետ։
– Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից այս պահին իրականացվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների աջակցության երկու միջոցառում՝ Արցախում հաշվառված քաղաքացիների և Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագրերը: Առաջին միջոցառումը՝ 68000+15000 ծրագրի իրականացումն է, որի միջոցով սույն ծրագրի շահառու հանդիսացող արցախցիներին տրվում է ֆինանսական աջակցություն: Եվ ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ թեև դիմումների ընդունման վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերի 20-ն է, այնուամենայնիվ, չի լինելու արցախցի, ով ինչ-ինչ տեխնիկական պատճառներից ելնելով՝ չկարողանա ստանալ իրեն հասանելիք այդ գումարը:
Երկրորդը՝ 300 հազարների ծրագիրն է, որը տրամադրվում է Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերում փաստացի հաշվառված քաղաքացիներին: Յուրաքանչյուր անհատի այդչափ դրամական փոխհատուցում տրամադրելով՝ ակնկալում ենք, որ ընտանիքի համար այն կդառնա գումար, որով հնարավոր կլինի այս ձմռան ընթացքում լուծելու կեցության խնդիրները: Ինչ վերաբերվում է ծրագրերի արդյունավետությանը, հարկ եմ համարում նշել, որ գումարների տրամադրումն ուղեկցվում է նաև Արցախի, ինչպես աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության, այնպես էլ այլ կառույցների և տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից նյութական օժանդակությամբ: Համադրելով աջակցության եղանակները՝ թերևս հնարավոր կդառնա արդյունավետ և հասցեական դարձնել իրականացվող բոլոր ծրագրերը:
– Որպես նախարար, արդյո՞ք կապի մեջ եք Հայաստանի ձեր պաշտոնակցի հետ, նոր ավելի լայնածավալ միջոցառումներ նախատեսվո՞ւմ են։
– Ակտիվ համագործակցություն է ընթանում Արցախի և Հայաստանի սոցիալական գերատեսչությունների միջև: Վերջերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը գտնվում էր Արցախում՝ տեղում ծանոթանալով ոլորտի խնդիրներին: ՀՀ կատարած աշխատանքային այցիս ընթացքում ևս հանդիպում եմ ունեցել նրա հետ: Քննարկման փուլում են գտնվում հետագա համագործակցության մեխանիզմներն ու համատեղ ծրագրերի իրականացման դետալները, և նշեմ, որ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղությամբ տարվող աշխատանքներն այդ համատեքստում ամրագրված են որպես առաջնահերթություն:
– Հաշվարկներ կա՞ն, թե մոտավորապես որքան գումար է անհրաժեշտ առաջիկա 6 ամսվա համար արցախցիների կեցության հարցը լուծելու համար:
– Այս պահին քննարկումներ են ընթանում մի ծրագրի շուրջ, որը ենթադրում է հենց վարձակալած բնակարանի վարձի փոխհատուցում: Ենթադրվում է, որ այն կկազմի՝ 30000` Հայաստանում եւ 45 000 դրամի չափով փոխհատուցում՝ Արցախում: Ծրագրի մանրամասները դեռևս քննարկման փուլում են և արդեն հաստատվելուց հետո կներկայացվի հանրությանը: