<<Առաջիկայում նախատեսվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ակտիվ փոխգործակցություն>> Միքայել Վիրաբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ գերատեսչության պատասխանատուների մասնակցությամբ:

Միքայել Վիրաբյանը նախ անդրադարձել է Երևան քաղաքում տեղի ունեցած հանդիպումներին՝ իրազեկելով, որ բավականին հագեցած օրակարգով հանդիպումներ է ունեցել ՀՀ սոցիալական ոլորտի պատասխանատուների հետ: Մասնավորապես, նախարարն ընդգծել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ հանդիպման կարևորությունը՝ նշելով, որ ուրախությամբ է  արձանագրում՝ երկու հայկական հանրապետությունների սոցիալական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ  հայաստանյան գործընկերոջ հետ համակարծիք լինելու փաստը: Նախարարի խոսքով՝ առաջիկայում  նախատեսվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ակտիվ փոխգործակցություն և  համատեղ աշխատանքների իրականացում:

Այնուհետև քննարկվել են գերատեսչության վարչությունների և բաժինների կողմից իրականացվող աշխատանքները, անդրադարձել ոլորտին վերաբերող և հասարակական հնչեղություն ստացած մի շարք հարցերի:

 

ԿԻՍՎԵԼ