Ստեփանակերտ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 75 հասցեում բնակվող Հարությունյան քույրերի սոցիալ-կենցաղային պայմաններ չունենալու հարցը վերջերս լայն հնչեղություն է ստացել հանրության շրջանում:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցի վերաբերյալ «Արցախպրես»-ի թղթակիցը դիմել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն:
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի խորհրդական Անի Թովմասյանն ասել է, որ իրենց կառույցի կողմից դեռևս շաբաթներ առաջ նախարար Միքայել Վիրաբյանի հանձնարարությամբ, հաշվի առնելով Հարությունյան քույրերի կեցության ծանր վիճակը և նրանցից մեկի հիվանդության փաստը, տրամադրվել է 200 000 դրամ ֆինանսական և դրա եռակի նյութական օժանդակություն։
«Դրա մասին չէինք բարձրաձայնում՝ խուսափելով ակամայից ծանր վիճակում հայտնված քույրերին վիրավորելուց, բայց քանի որ թեման արդեն իսկ հասարակական հնչեղություն է ստացել, հարկ ենք համարում տեղեկացնել, որ մեր երկրի սոցիալական ոլորտի գլխավոր պատասխանատուն՝ Մ. Վիրաբյանը, նման դեպքեր լսելու պարագայում անձամբ է զբաղվում այդ խնդրով՝ դրա հետ մեկտեղ կարևորելով նաև առանձին անհատների և կազմակերպությունների կողմից օգնության ձեռք հասցնելը նման դժվար իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին»,- մասնավորապես ասել է Ա. Թովմասյանը: