ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, որտեղ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հանդիպել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալական ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ, քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի ընթացքում Հայաստանի համապատասխան կառույցի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր՝ այդ համատեքստում կարևորելով ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության դերակատարությունը:
Այնուհետև Միքայել Վիրաբյանը հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ:
Երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրերը, մասնավորապես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման, հաշմանդամության գնահատման մեխանիզմների փոփոխության, ինչպես նաև սոցիալական աջակցության համակարգի վերափոխման և վերաիմաստավորման նախագծերը:
Միքայել Վիրաբյանն իր խոսքում ընդգծել է երկու կառույցների միջև ակտիվ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ գոհունակություն հայտնելով իրենց կողմից ղեկավարվող ոլորտի բարեփոխման առումով դիրքորոշումների համընկնման համար:
Զարուհի Բաթոյանը վերահաստատել է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ միասնական քաղաքականությանը նպաստելու, ոլորտային բարեփոխումներում Արցախի լիարժեք մասնակցությունն ապահովելու հանձնառությունը՝ ուրախությամբ նշելով, որ գործընկերոջ հետ սոցիալական ոլորտի բարեփոխման վերաբերյալ նույն մոտեցումներն ու տեսլականն ունեն: