«ԶՈՀՎԱԾ ԵՎ ԱՆՀԱՅՏ ՃԱԿԱՏԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՄԻՇՏ ԿԼԻՆԵՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ». Մ. ՎԻՐԱԲՅԱՆ

Օգոստոսի 31-ին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը, Անկախության տոնին ընդառաջ, այցելել է ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների և ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություններ՝  հանդիպելով որդեկորույս և որդիների ճանապարհին սպասող ծնողների և հարազատների հետ:

Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների հետ հանդիպման ընթացքում Միքայել Վիրաբյանը  նշել է, որ թեկուզ անասելի ցավ է սպասման և անհայտության մեջ ապրել արդեն գրեթե երեք տասնյակ, բայց այնուամենայնիվ, հույսն ապրեցնում է. «Ձեր զավակներին ես համարում եմ մեր դեսպաններն օտար ափերում. կիսելով սպասման ու կարոտի ձեր վիշտը, հավատ ունենք, որ տղաները մի օր տուն կվերադառնան»,-ասել է նախարարը:

Զոհված ազատամարտիկների հարազատների հետ հանդիպման ընթացքում նախարարն իր խոսքում անդրադարձել է Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նահատակների անցած հերոսական ուղուն, վերհիշել Ապրիլյան պատերազմի նորօրյա հերոսներին՝ վերահաստատելով այն միտքը, որ Արցախի անկախությունը կերտած հերոսների զավակներն այսօր այդ անկախությունը պահպանող գլխավոր առաջամարտիկներն են:

Հանդիպման ընթացքում ներկաներն իրենց հուզող հարցերն են հղել նախարարին՝ հիմնականում սոցիալ-կենցաղային բնույթի, որոնք Մ. Վիրաբյանը խոստացել է անձամբ առանձին-առանձին ուսումնասիրել և համարժեք պատասխան տալ:

Այնուհետև ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության կողմից 50 000-ական դրամ, որպես օժանդակություն, նախարարը փոխանցել է զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատների մի խումբ առավել խոցելի  ընտանիքների՝ տեղեկացնելով, որ նման օժանդակությունները շարունակական բնույթ են կրելու՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով  զոհված և անհայտ ճակատագիր ունեցող ազատամարտիկների հարազատներին:

ԿԻՍՎԵԼ