ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻՑ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻՑ ԿԱԶՄՎԱԾ 2500 ՓԱԹԵԹ ԿՓՈԽԱՆՑՎԻ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐԻՆ

Արցախի Հանրապետության անկախության տոն օրվան ընդառաջ՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը սննդամթերքի և հիգիենիկ պարագաների տեսքով շուրջ 2500 փաթեթ օժանդակություն է նախատեսում տրամադրել ներքոհիշյալ շահառուներին. հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներն ու մասնակիցները, տնային պայմաններում սպասարկվող միայնակ տարեցներն ու հաշմանդամները, ԼՂՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը, ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միությունը, Ստեփանակերտի տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ը:
Փաթեթները, /յուրաքանչյուրը պարունակում է ցորենաձավար, բրինձ, թեյ, հնդկաձավար, ջեմ, կոմպոտ, խավիար, իմամ բայադլի, վարունգ մարինացված, խորոված բանջարեղեն, մակարոնեղեն, շաքարավազ, ձեթ, տավարի մսի պահածո, շամպուն, ատամի մածուկ/ որոնք արդեն իսկ պատրաստվում են՝ շուտափույթ հասցեատերերին փոխանցվելու համար, հիմնականում տեղական արտադրանքից են կազմված. այդ հարցում իրենց ներդրումն են ունեցել « Կառավարում» ՓԲԸ, « Տրիումֆ Գրուպ» ՓԲԸ, «Իվանյանի պահածոների գործարան» ՍՊԸ, «Ռեյփսիդ» ՍՊԸ՝ տեղական արտադրությամբ զբաղվող գործարանների սեփականատերերը՝ պատրաստակամություն հայտնելով առաջիկայում ևս նախարարության հետ համագործակցել նման ծրագրերի իրականացման շուրջ:
Օգոստոսի 13-ին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն անձամբ ներկա է եղել արկղերի փաթեթավորման աշխատանքներին, ծանոթացել ապրանքատեսակներին՝պատասխանատուներին հանձնարարելով կարճ ժամկետներում ավարտել աշխատանքները և դրանք հասցնել հասցեատերերին՝ հավելելով, որ ծրագրի ավարտին հանրությանը կներկայացվի օգնություն ստացած քաղաքացիների ցուցակը:

ԿԻՍՎԵԼ