«ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է». ՄԻՔԱՅԵԼ ՎԻՐԱԲՅԱՆԸ ԽԻՍՏ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն այսօր գերատեսչության պատասխանատուների մասնակցությամբ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:
Անդրադառնալով նախարարության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերի ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Միքայել Վիրաբյանն իր խոսքում կարևորել է ցանկացած պարագայում քաղաքացիների դիմում-խնդրանքների մանրամասն ուսումնասիրման անհրաժեշտությունն ու բավարարումը, ընդունելության կազմակերպման հասանելիությունը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական իրավունքի իրացման առումով նախարարությունը պատասխանատվություն է կրում:
Հաջորդիվ քննարկվել են ոլորտին առնչվող հարցեր, վարչությունների և բաժինների կողմից իրականացվող աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ զեկույցներն ընդունվել են ի գիտություն:
Նախարարի հանձնարարմամբ՝ ամենամսյա կտրվածքով բոլոր ստորաբաժանումներն այսուհետ կտրամադրեն կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, որոնք կհրապարակվեն՝ հանրության կողմից տեղեկատվությանն ամբողջությամբ տիրապետելու նպատակով:

ԿԻՍՎԵԼ