Երկրում սոցիալական արդարության ապահովումը՝ գերակա խնդիր

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն այսօր հանդիպել է «Հելսինկյան նախաձեռնություն-92 »  ԼՂՀ կոմիտեի համակարգող, իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել  են քաղաքացիների սոցիալական և բնակարանային խնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել աշխատատեղերի ապահովման մեխանիզմներին։

Զրույցի ընթացքում, որպես առանցքային թեմա, քննարկվել է նաև քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի աշխատանքներին նոր որակ հաղորդելու հարցը։

Երկուստեք կարևորվել է երկրում սոցիալական արդարության ապահովման անհրաժեշտությունն ու քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության կայուն համակարգի ստեղծումը։

Հանդիպման վերջում  ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նման քննարկումները դարձնել ավանդական։

Քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցերի առնչությամբ Միքայել Վիրաբյանն այսօր հանդիպում է ունեցել նաև ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանի հետ։ Երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են օրակարգային հարցի հետ կապված խնդիրներ, ձեռք բերել  պայմանավորվածություններ։

ԿԻՍՎԵԼ