ԳՈՐԾԵԼ ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ. ՄԻՔԱՅԵԼ ՎԻՐԱԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՀ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Ս.թ. հուլիսի 20-ին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը հանդիպել է ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի նախագահ Արա Ղահրամանյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Պետհիմնարկների աշխատողների արհկազմակերպությունների «Համերաշխություն» ճյուղային հանրապետական միության նախագահ Յուրի Ավանեսյանն ու «Արհմիություններ» թերթի գլխավոր խմբագիր Արիս Գրիգորյանը։ Արա Ղահրամանյանը, շնորհավորելով նորանշանակ նախարարին, նրան է ներկայացրել հանրապետության արհմիությունների վերջին հինգ տարիների ընթացքում իրականացրած գործունեությունը։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է գործատուների և աշխատողների աշխատանքային հարաբերությունների կարգավորման գործում Աշխատանքային օրենսգրքի ունեցած դերն ու նշանակությունը: Նախարարի խոսքով՝ այն գործադիրի ուշադրության կենտրոնում է, որոշ հոդվածներ դեռևս հստակեցվելու և համապատասխանեցվելու անհրաժեշտություն ունեն և շուտով լուծում կստանան, այնուհետև Աշխատանքային օրենսգիրքը կմտնի խորհրդարան։ Անդրադարձ է արվել նաև կոլեկտիվ պայմանագրերի կնքման անհրաժեշտությանը, աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության, Արցախի գործատուների միության և ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի միջև կնքվելիք եռակողմ համաձայնագրի կարևորությանը, ինչի առթիվ Մ.Վիրաբյանը նշել է, որ կողմ է նման համաձայնագրերի կնքմանը, համագործակցությունների խորացմանը՝ հավաստիացնելով, որ իր գործունեությունը նախարարի պաշտոնում բոլոր առումներով կլինի թափանցիկ ու հրապարակային: Միքայել Վիրաբյանը տեղեկացրել է նաև, որ հանրային պահանջ ունեցող բոլոր հարցերի քննարկմանն արհմիություններն անպայման հրավիրվելու և մասնակցություն են ունենալու։ Հանդիպման վերջում համաձայնություն է ձեռք բերվել և՛ սոցիալական ոլորտում և՛ գործատու-աշխատող հարաբերություններում ծագած խնդիրների առնչությամբ գործունեություն իրականացնել՝ առաջնորդվելով պետականամետ մտածելակերպով ու շահագրգռվածությամբ։

ԿԻՍՎԵԼ