Տարեցների շուրջօրյա խնամք իրականացնելու նպատակով Ստեփանակերտի տուն-ինտերնատին 2019 թվականի պետական բյուջեից հատկացվել է 114 միլիոն 800 հազար դրամ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական ու բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը և ավելացրել, որ կատարողականը կազմել է 95%:
«Սույն ծրագրի նպատակն է շուրջօրյա խնամքի ծառայություններ տրամադրել դրանց կարիքը ունեցող տարեց և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց՝ նրանց համար ապահովելով արժանապատիվ կենսապայմաններ: Խնամքի և սոցիալական ծառայությունների սպասարկումներն իրենց մեջ ներառում են կացարանի, կենսաապահովման համար անհրաժեշտ պայմաններ, սննդով, հագուստով, անկողնային պարագաներով, բժշկական օգնությամբ, սոցիալ-հոգեբանական և իրավաբանական օգնության տրամադրում: Ծրագրի շրջանակներում 2019 թ. սպասարկվել է 75 շահառու»,- մասնավորապես նշել է Ս. Ավանեսյանը:
Իսկ տնային պայմաններում միայնական տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի կողմից սպասարկվել են Արցախում բնակվող 170 տարեցներ և միայնակներ: Նախարարի խոսքով՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2019 թ. կազմել է շուրջ 46 հազար 100 դրամ՝ 2018 թ.-ի 45 հազար 500 դրամի դիմաց: Նշված ծրագրի ծախսերը աճել են 94 միլիոն 500 հազար դրամով: