Հունվարի 1-ի դրությամբ Արցախում հաշվառված է շուրջ 8730 հաշմանդամ

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ հաշմանդամների հաշվառման շտեմարանում հաշվառված է 8730 հաշմանդամ, որոնցից 384-ը՝ հաշմանդամ երեխաներ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական ու բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ շուրջ 2340 հաշմանդամի մոտ հաշմանդամություն առաջացնող պատճառը ձեռք է բերվել Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ զինծառայության ընթացքում: 2019 թ. բժշկա-սոցիալական փորձաքննության է ենթարկվել 1576 քաղաքացի, որոնցից 345-ը՝ առաջին անգամ: Առաջնակի փորձաքննվածներից հաշմանդամ է ճանաչվել 286 անձ, իսկ կրկնակի փորձաքննվածներից՝ 1085-ը:
2019 թ.-ի ընթացքում 1337 հաշմանդամի համար կազմվել են անհատական վերականգնման ծրագրեր, որոնցից 212-ը անժամկետ հաշմանդամների և կենսաթոշակային տարիքը լրացած անձանց համար: 18 տարին լրացած և հետո իրականացված փորձաքննության արդյունքում 115 հաշմանդամ երեխաների նկատմամբ սահմանվել են համապատասխան հաշմանդամության խմբեր:
ԿԻՍՎԵԼ