ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Ս.Ավանեսյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա առթիվ: ՄԱԿ-ի կողմից ընտանիքի միջազգային օրվա հաստատումը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը գրավել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա:

Յուրաքանչյուր երկիր հզոր է ամուր ու կայացած ընտանիքներով, քանզի ընտանիքն է հանդիսանում հասարակության բջիջը և դարերի ընթացքում ձևավորված ավանդույթները, ազգային ու համամարդկային կարևորագույն արժեքները սերունդներին փոխանցելու հասարակական օղակը: Մենք մշտապես բարձր ենք գնահատել ընտանեկան արժեքներն ու ավանդույթները, ընտանեկան փոխհարաբերություններն ու ընտանեկան դաստիարակությունը: Ընտանիքը հայի համար սրբություն է, այն իր մեջ խտացնում է հավատարմություն, սեր, հարգանք ու համերաշխություն: Ամուր ընտանիքի հիմքի վրա է ձևավորվում և զարգանում քաղաքակիրթ հասարակությունը:

Այս ջերմ ու համամարդկային տոնի առթիվ առանձնահատուկ մաղթանքներ եմ ուզում հղել բազմանդամ ընտանիքներին: Շնորհակալություն եմ հայտնում երիտասարդ ու նորակազմ ընտանիքներին, ովքեր ապահովում են ազգի ու երկրի հուսալի հեռանկարը: Խորին երախտագիտությունս եմ ուզում հայտնել այն ընտանիքներին, որոնք երեխա են որդեգրել՝ նրանց համար ստեղծելով հոգատար միջավայր:

Եվ այսօր, շնորհավորելով բոլոր հայ ընտանիքներին, բոլորիս մաղթում եմ ընտանեկան ջերմություն, բարեկեցություն և խաղաղություն: Ու թո՛ղ, որ միմյանց հանդեպ սերն ու հարգանքը շարունակի մնալ մեր ամենակարևոր արժեքը:

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Ս.Ավանեսյան

ԿԻՍՎԵԼ