Մասնագիտական աշխատանքային ստաժում կհաշվարկվի համատեղությամբ աշխատելու ժամանակահատվածը. Սամվել Ավանեսյան

Նախօրեին կայացած լիագումար նիստում 23 կողմ ձայնով Խորհրդարանն ընդունել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով օրենքի նախագիծը՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանն ասել է, որ նախագծի ընդունումը բխում է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման, կենսաթոշակային ապահովության ոլորտում քաղաքացիների երաշխիքների ընդլայնման անհրաժեշտությունից:

«Մասնավորապես՝ մասնագիտական աշխատանքային ստաժում կհաշվարկվի համատեղությամբ աշխատելու ժամանակահատվածը, օրենքից կհանվի տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուի կողմից աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը և այլ լրացումներ ու փոփոխություններ»,- ավելացրել է Ս. Ավանեսյանը:

Գլխադասային՝ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

ԿԻՍՎԵԼ