Արցախում հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում կիրականացվեն սոցիալական բնույթի 4 ծրագրեր:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղոդմամբ՝ այս մասին այսօր կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ առաջին ծրագրով մարտի 1-31-ը մասնավոր գործատուի կողմից աշխատանքից ազատված անձանց համար կվճարվի նվազագույն աշխատավարձի չափով միանվագ դրամական օգնություն՝ 68 հազար դրամի չափով:
Երկրորդ միջոցառման համաձայն՝ եթե ծնողները չեն աշխատում, յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի 26 հազար 500 դրամ միանվագ դրամական օգնություն, իսկ եթե ընտանիքում կան 4 և ավելի երեխաներ, անկախ նրանից, ծնողները աշխատում են թե ոչ, այդ դրամական օգնությունը կտրամադրվի:
Երրորդը վերաբերվում է այն դեպքերին, եթե ծնողները ազատվել են աշխատանքից, կամ մեկը չէր աշխատում, իսկ մյուսն էլ ազատվել է մարտ ամսվա ընթացքում: Նման պարագաներում մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար կվճարվի 100 հազար դրամ միանվագ դրամական օգնություն:
Չորրորդ՝ չաշխատող հղի կանանց կտրամադրվի միանվագ դրամական օգնություն, եթե ամուսինները չեն աշխատում:
ԱՀ Պարետը նշել է, որ ծրագրի լիազոր մարմինն է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը: Ծրագրերի մասին առավել մանրամասն կներկայացվի առաջիկա օրերին, երբ կլինեն կառավարության համապատասխան որոշումներ: