2020 թ-ին ի՞նչ ծրագրեր են իրականացվելու սոցիալական պաշտպանության և վերաբնակեցման ոլորտում. պարզաբանում է նախարարը

2020 թվականին սոցիալական պաշտպանության և վերաբնակեցման ոլորտում պետության խնդիրը լինելու է քաղաքացիների սոցիալական իրավունքի լիարժեք և ամբողջական իրացումը, սոցիալական արդարության սկզբունքի վրա հիմնված՝ սոցիալական պաշտպանության կարիք ունեցող անմրցունակ խմբերի համար առաջնահերթությունների պահպանումը, իրականացվող ծրագրերի ու մատուցվող ծառայությունների որակի, արդյունավետության և հասցեականության բարձրացումը, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, բնակչության կայուն ու արդյունավետ զբաղվածության ապահովումը, արժանապատիվ աշխատանքի պայմանների ստեղծումը, վերաբնակեցման գործընթացի ակտիվացումը և ոլորտում սոցիալական երաշխիքների համակարգի զարգացումն ու ընդլայնումը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:

Նրա  խոսքով՝ այդ խնդիրների իրականացման համար ոլորտում կշարունակվեն կենսաթոշակային, զբաղվածության, հաշմանդամության, տարեցների, կանանց ու երեխաների հիմնահարցերի, վերաբնակեցման բնագավառներում բարեփոխումների, ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

«Շարունակական կլինեն ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նպատակային ծրագրերը և դրանց մոնիթորինգն ու գնահատումը: Կակտիվացվի համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ: Ժողովրդագրության բնագավառում կիրականացվեն իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչը նպատակաուղղված է ժողովրդագրական երևույթների բացասական զարգացումների  մեղմանն ու անբարենպաստ իրավիճակի հաղթահարմանը: Կշարունակվեն նաև ժողովրդագրական քաղաքականության հիմնական ուղղությունների շուրջ հանրային իրազեկման միջոցառումները: Կիրականցնենք ծնունդների ու բազմազավակության խրախուսում, վաղաժամ մահացությունների թվաքանակի նվազեցում, բնակչության ծերացման հետևանքների հաղթահարում, բնակչության առողջության՝ հատկապես վերարտադրողական առողջության բարելավում, ակտիվ միգրացիոն քաղաքականության շնորհիվ բնակչության ներհոսքի խթանում: Երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով կշարունակվի նորաստեղծ ընտանիքներին միանվագ ամուսնության նպաստի տրամադրման ծրագիրը:
Վերաբնակեցման և միգրացիոն քաղաքականության բնագավառում նախատեսվում է վերաբնակեցման պետական քաղաքականության նոր սկզբունքների մշակում, վերաբնակեցման կազմակերպման և իրականացման կարգի ու պայմանների փոփոխությունների իրավական ամրագրում: Կշարունակվեն նոր ընտանիքների ընդունման, կարգավիճակի և սահմանված արտոնությունների տրամադրման գործընթացի համակարգումը: Կիրականացվեն պարբերական ստուգումներ՝ բնավորված ընտանիքներին պետական ծրագրերով տրամադրվող օժանդակության հասցեականության բարձրացման նպատակով: Կակտիվացվի հայրենադարձության գործընթացը՝ շեշտադրում կատարելով սփյուռքահայության հետ կապերի ամրապնդման և հայրենադարձության գործընթացում վերջինիս դերի բարձրացման, վերաբնակիչների սոցիալական ադապտացման ու ինտեգրման ծրագրերի, ինչպես նաև վերաբանկ ընտանիքներով համալրված բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգերի մշակման և իրականացման վրա»,-մանրամասնել  է  նախարարը:
Նա  ավելացրել  է, որ կշարունակվեն Ադրբեջանից բռնագաղթված Արցախի Հանրապետությունում ապաստանած և որպես փախստական հաշվառված անձանց սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը: Ավարտին կհասցնվեն ԱՀ Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում վերաբնակիչների համար 2019թ. սկսված 4 բնակարանների վերակառուցման աշխատանքները: Սոցիալական աջակցության բնագավառում կշարունակվի գործող պետական նպաստների ծրագրի իրականացումը` պահպանելով նպաստի բազային չափը և շահառուների խմբերը:
Ա.  Ավանեսյանն  իր  խոսքում  նաև ասել է. «Կշարունակվեն ընտանիքների կարիքավորության գնահատման «Արցախ» համակարգի շահագործումը, որի նպատակն է սոցիալական աջակցության հասցեականության, բնակչության սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական միջոցների արդյունավետ օգտագործման, սոցիալական և հարակից այլ ոլորտներում քաղաքականության մշակման և ծրագրերի իրականացման ընթացքում համակարգի գնահատականների օգտագործման ապահովումը: Որոշակի սոցիալական խմբերում ընդգրկված անձանց համար  2020 թվականին կշարունակվի սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնության տրամադրման ծրագիրը: Միաժամանակ կշարունակվի առաջին և երկրորդ խմբերի զինվորական հաշմանդամների ընտանիքների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագիրը: Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի բնագավառում կշարունակվեն հաշմանդամների սոցիալական վիճակի բարելավման, հասարակություն նրանց ինտեգրման, հավասար (մատչելի) պայմանների, պրոթեզավորման, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով, լսողական սարքերով ապահովման, ինչպես նաև բժշկասոցիալական վերականգնմանն ուղղված աշխատանքները: Աշխատանքի և զբաղվածության բնագավառում 2020 թվականին պետական քաղաքականությունն ուղղված կլինի զբաղվածությանը նպաստող ծրագրերի իրականացմանը, գործազրկության մակարդակի իջեցմանը, գործատուների հետ աշխատանքների ակտիվացմանը, նպատակ ունենալով իրականացնել աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից և միտումներից բխող զբաղվածության պետական ճկուն քաղաքականություն՝ հստակ թիրախավորված ծրագրերի ներդրմամբ` առաջնահերթությունը տալով աշխատաշուկայում անմրցունակ, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների գործազուրկ անձանց կայուն զբաղվածության ապահովմանը: Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի բնագավառում իրականացվող աշխատանքները ուղղված կլինեն կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանությանը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում դաստիարակության, ուսման, խնամքի և ֆիզիկական զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:Կիրականացվեն  նաև  հինգ և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության, երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստի տրամադրման և այլ ծրագրեր»:
ԿԻՍՎԵԼ