2019 թ-ին բարեգործական ծրագրեր են իրականացվել մի շարք ոլորտներում. նախարար

2019 թ-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 25 նիստ և ընդունվել 149 որոշումներ, որոնից 49 որոշում ապրանքների բաշխման մասին (765.2 մլն ՀՀ դրամ արժողությամբ) է, 52 որոշում՝ ծրագրերը բարեգործական որակելու (2 մլրդ 471.7 մլն ՀՀ դրամ), 43-ը՝ նախկինում հաստատված որոշումների մեջ փոփոխություններ կատարելու, 3-ը նախկինում հաստատված որոշումը չեղյալ հայտարարելու և 2-ը՝ նախկինում հաստատված ծրագրերին հարակից գործարքների մասին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:

Ըստ ոլորտների՝ բարեգործական ծրագրերն իրականացվել են հետևյալ կերպ՝ սոցիալական՝ 34%, կրթություն՝ 12.1 %, ջրամատակարարում՝ 4.6 %, հոգևոր՝ 1.7 %, մշակույթ՝ 4.3 %, ճանապարհաշինություն՝ 33.8 %, առողջապահություն՝ 0.7 % և սպորտ՝ 8.8 %:

«Կազմակերպվել են բարեգործության կարգով Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայի Հանրապետությունից և Վրաստանի Հանրապետությունից ուղարկված ապրանքների տեղափոխման, հաշվառման, ակտավորման և բաշխման աշխատանքները: Իրականացվող խոշոր ծրագրերից են Ստեփանակերտի երիտասարդական կենտրոնի մասնաշենքի կառուցումը, Մարտակերտ-Մատաղիս ավտոճանապարհի 21.4 կմ երկարությամբ ավտոճանապարհահատվածի կառուցումը, Արցախի պետական համալսարանի մասնաշենքի 2-րդ փուլի կառուցման, Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի և տվյալ համայնքի 87 բնակելի տների գազաֆիկացման շինմոնտաժային աշխատանքների իրականացումը և այլն»,-ավելացրել է նախարարը:

ԿԻՍՎԵԼ