Նախարարություն դիմած 2231 քաղաքացիների հատկացվել է ֆինանսական և նյութական աջակցություն. Սամվել Ավանեսյան

Սոցիալական մի շարք ծրագրերի շրջանակներում ԱՀ երկու և ավելի զոհ ունեցող 75 ընտանիքների հատկացվել է 28.4 մլն դրամ օժանդակություն։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ դրամական և նյութական օժանդակության հարցերով նախարարություն դիմած 2231 քաղաքացիների հատկացվել է 82.0 մլն դրամի ֆինանսական, իսկ 855 քաղաքացու՝ նյութական օգնություն:

«ԱՀ-ում բնակվող Հայրենական Մեծ պատերազմի հաշմանդամներին, մասնակիցներին, ԽՍՀՄ մեդալակիրներին և նույն պատերազմում զոհվածների այրիներին, ԱՀ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին, ԱՀ պատերազմի հաշմանդամներին, զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքներին, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված ԼՂ մարզխորհրդի և Շահումյանի շրջխորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորներին ԱՀ հիշարժան օրերի կապակցությամբ հատկացվել է շուրջ 234.1 մլն դրամի չափով միանվագ դրամական օգնություն։ Ի նշանավորումն Հայրենական Մեծ պատերազմի (ՀՄՊ) հաղթանակի 74-ամյակի և Շուշիի ազատագրման 27-ամյակի, մայիսի 9-ի կապակցությամբ ՀՄՊ մասնակիցներին, հաշմանդամներին և ՀՄՊ-ում զոհվածների  31 ընտանիքների տրամադրվել է 100-հազարական դրամ, ՀՄՊ մասնակիցներին ու հաշմանդամներին հավասարեցված 125 քաղաքացու տրամադրվել է 50-հազարական դրամ»,-մանրամասնել է նախարարը։

Ըստ նրա՝ ԱՀ գյուղական կամ քաղաքային (բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների) բնակավայրերում մշտապես բնակվող 80 երիտասարդ ընտանիքների բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն ծրագրով տրամադրվել է 237,4 մլն ՀՀ դրամ:

Բնակելի շինությունների վերակառուցման հետևանքով և փախստականի հաշվառման վկայական ստացած վարձակալական հիմունքներով բնակվող 134 ընտանիքների բնակարան վարձակալելու նպատակով տրամադրվել է 62,8 մլն ՀՀ դրամ ֆինանսական օգնություն: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 2 անձանց հատկացվել են կահավորված բնակարաններ:

«2019 թ-ին ԱՀ կառավարության 6 որոշումներով սոցիալական առանձին խմբերին պատկանող անձանց համար գնվել է 12 բնակարան, հատկացվել 5-ը (7 բնակարան նախատեսվում է 2020 թվականին հատկացնել զոհվածի և փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքներին): ԱՀ շրջաններից և Ստեփանակերտ քաղաքից հավաքագրված տվյալների հիման վրա «Արցախ» համակարգ է մուտքագրվել 29659 ընտանիքիների վերաբերյալ տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետությունում ընտանիքների կարիքավորությունը գնահատելու նպատակով:

Կազմակերպվել են շրջանային և համայնքային այցեր՝ կապված ընտանիքների կազմավորման հետ: Ծրագրի իրականացման շրջանակներում կազմակերպվել են հանդիպումներ և իրականացվել են աշխատանքներ համապատասխան մարմինների հետ՝ բազաների ստեղծման ու դրանցից օգտվելու ուղղությամբ»,-տեղեկացրել է Ս. Ավանեսյանը:

ԿԻՍՎԵԼ