Արցախում կենսաթոշակ է ստանում 22 հազար 123 քաղաքացի. Սամվել Ավանեսյան

Կենսաթոշակային ապահովության ոլորտում կենսաթոշակառուների սոցիալական վիճակի բարելավման նպատակով ներ է դրվել  նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ շարքային զինծառայողների, սոցիալական և աշխատանքային կենսաթոշակառուների համար նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 25.500 ՀՀ դրամ:

«Նախարարության կողմից մշակվել են  Արցախի Հանրապետությունում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված անհրաժեշտ  իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև իրականացվել են հասարակության իրազեկման աշխատանքներ: Կրկնապատկվել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը՝ սահմանելով 100. 000 ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում կենսաթոշակ է նշանակվել 1426 քաղաքացու, վերահաշվարկվել  3277 կենսաթոշակային գործ, 1554 չաշխատող կանանց նշանակվել մայրության նպաստ: 2019 թ-ին վճարվել են 12.0 մլրդ դրամ կենսաթոշակներ, 713.3 մլն դրամ պարգևավճարներ և դրամական օգնություններ, 24.7 մլն դրամ պատվովճարներ: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ աշխատանքային, զինվորական (շարքային) և սոցիալական կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 22123 անձ: 2019թ. աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կազմել է 43.1 հազար դրամ, զինվորական (շարքային) կենսաթոշակի միջին չափը՝ 26.8 հազար դրամ, իսկ սոցիալական կենսաթոշակի միջին չափը՝ 25.6 հազար դրամ»,-մասնավորապես ասել է Ս. Ավանեսյանը:

ԿԻՍՎԵԼ