ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության համակարգում գործող երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատություններում 2019 թ-ի ընթացքում խնամք են ստացել առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների մոտ 40 երեխա:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ նախարարությունն իր առաջնահերթ նպատակներից է համարում գիշերօթիկ հաստատությունների երեխաների բարեկեցությունը, առողջությունը, կրթությունն ու դաստիարակությունը:
«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև կնքված համագործակցության հուշագրի դրույթների իրականացման 2015 թվականի ծրագրի համաձայն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» հիմնադրամի կողմից մեր նախարարությունում տեղադրվել է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հաշվառման ծրագիրը, և աշխատանքներ են իրականացվել ԱՀ–ում տեղայնացնելու և համակարգի շահագործումը իրականացնելու նպատակով»,- մասնավորապես ասել է նախարարը: