«Երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թվականի տարեկան ծրագիրը և ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Երեխայի իրավունքների մասին» օրենքի պահանջներից:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ԱՀ կառավարության նիստի ժամանակ ասել է աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ 2020 թվականի տարեկան ծրագիրն ուղղված է երեխաների իրավունքների, շահերի պաշտպանությանը, երեխաների սոցիալական ապահովությանը, առողջապահական խնդիրների բարելավմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին, հանգստի, ժամանցի, սպորտային և մշակութային կյանքի կազմակերպմանը: «Երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում 2020 թվականին շարունակվելու են նախկինում իրականցվող ծրագրերը. Մասնավորապես՝ պետական նպաստների, երեխայի ծննդյան միանվագ և չափահասության նպաստների, հաշմանդամ երեխաներին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի տրամադրման, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանների տրամադրման և կահավորման, ինչպես նաև այլ ծրագրեր: Կշարունակվի համագործակցությունն Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառական կրթության, ինչպես նաև երեխաների հետաքրքրությունների, ֆիզիկական, ստեղծագործական կարողությունների զարգացման գործում»,-ավելացրել է նախարարը: