Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 6-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քաղաքաշինության և աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարների, Ստեփանակերտի քաղաքապետի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քննարկվել են ընթացիկ տարում կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի շրջանակում բնակարանաշինությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել բազմազավակ, զոհված ազատամարտիկների, այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների բնակարանների վերանորոգման, կառուցման կամ գնման և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Խորհրդակցության ընթացքում պետական նախարարն անդրադարձել է նաև մայրաքաղաքում և շրջաններում քաղաքաշինական, սոցիալական ուղղվածությամբ ընթացիկ աշխատանքներին: Այդ համատեքստում Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է վարչակազմերի և պետական գերատեսչությունների միջև սերտ համագործակցությունը: